ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ մրցավարները մեղադրվում են գողության մեջ: Կիպրոսի Լիմասոլ քաղաքի հյուրանոցներից մեկի խանութում գողություն է իրականացվել, որի մեջ մեղադրվել են Ինտերտոտոյի Գավաթի առաջին տուրի «Էթնիկոս» - (Կիպրոս) - «Բեսա» (Ալբանիա) հանդիպման գլխավոր մրցավար Կարեն Նալբանդյանի օգնականներ Արման Երիցյանն ու Արթուր Իգիթյանը: Այդ մասին Կարեն Նալբանդյանը տեղեկացվել է դեպքից մոտ մեկ ժամ անց:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն արտահերթ նիստ է գումարել, որտեղ քննարկվել են միջադեպի մանրամասները:
Մրցավարները ընդունել են իրենց մեղքը, իսկ մրցավարական կոմիտեն որոշել է. «Բարոյաէթիկական նորմերը խախտելու եւ Հայաստանի քաղաքացու պատիվը արատավորելու համար Արթուր Իգիթյանին եւ Արման Երիցյանին ընդմիշտ որակազրկել մրցավարական գործունեությունից եւ հեռացնել ՀՖՖ համակարգից»:
Ավելորդ չէ նշել, որ Կարեն Նալբանդյանի հետ հանդիպումը պետք է սպասարկեր Գեղամ Վարդանյանը, որը այս տարի ՀՖՖ-ի կողմից զրկվել էր մեծահասակների մրցումները սպասարկելու իրավունքից ընդդիմադիր քաղաքական հայացքների համար: