ՊԱՐԶԱՊԵՍ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԼԱՎ ԵՆ ՎԱՐՁԱՏՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսի ընթացիկ առաջնությունում մեծ թիվ են կազմում հայ ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս տարբեր ակումբներում: Նրանցից մեկը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գալուստ Պետրոսյանն է, որի հանդիսանում է «Սմարգոն» ակումբի ֆուտբոլիստ: Վերջին տարիներին հանդես գալով մոլդովական «Զիբրուում»` 2008թ. փետրվարին վերադարձավ Երեւանի «Փյունիկ», որի կազմում մասնակցեց նաեւ գավաթի 1/8-րդ եզրափակիչի հանդիպումներին, սակայն անսպասելիորեն տեղափոխվեց բելառուսական ակումբ:
«Երբ սկսել էի հանդես գալ «Փյունիկում», զանգահարեցին առաջարկեցին ելույթ ունենալ «Սմարգոնում» եւ ես համաձայնվեցի: Մի քանի օր անց մեկնեցի Բելառուս եւ արդեն մի քանի ամիս է այս ակումբի ֆուտբոլիստ եմ», - ասաց Գալուստը:
Բելառուստի ընթացիկ առաջնությունում «Սմարգոնը» վատ հանդես չէր գալիս, սակայն վերջին 4 տուրերում թիմը միավոր չի վաստակել եւ հայտնվել է 13-րդ հորիզոնականում.«Նախորդ առաջնությունում թիմը պայքարել է իր տեղը բարձրագույն խմբում պահպանելու համար, իսկ այս տարի խնդիր է դրված մտել լավագույն հնգյակ: Դեռ շատ ժամանակ եւ ամեն ինչ կարող է փոխվել»:
Առայժմ չի հաջողվում կայուն խաղով աչքի ընկնել նաեւ Գալուստին. «Մարզիչը ինձ վստահում է եւ հանդիսանում եմ հիմնական կազմի ֆուտբոլիստ: Պարզապես առայժմ չի ստացվում արդյունավետ խաղ ցույց տալ: Հուսով եմ` շուտով գոլեր էլ կխփեմ»:
Չի բացառվում, որ Գալուստը շուտով հեռանա այս թիմից. «Մինչեւ տարվա վերջ պայմանագիր ունեմ ակումբի հետ: Սակայն, պայմանագրում մի կետ կա, համաձայն որի, եթե ամռանը ավելի լավ առաջարկ լինի, ապա առանց փոխհատուցման կարող եմ հեռանալ այս ակումբից եւ ելույթներս շարունակել այլ թիմում: Հավանականություն կա, որ կտեղափոխվեմ այլ ակումբ, սակայն, այդ մասին դեռ հստակ ոչինչ ասել չեմ կարող»:
Ըստ Պետրոսյանի` Բելառուսում հայ ֆուտբոլիստների մեծ քանակը պատճառաբանված է բարձր աշխատավարձով. «Պարզապես պայմանները ավելի լավ են: Հայ ֆուտբոլիստներին առաջարկում են, նրանք էլ համաձայնվում են: Կարծում եմ` ուրիշ ոչ մի բանով պայմանավորված չէ»: