Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՒԼՂԱՐԱՑԻՆԵՐԻ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԴԵՌ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ

Սպորտ

Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերում մեծ են սպասելիքները հայ ծանրորդներից: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդայանը վստահեցնում է, որ եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա. մեր ծանրորդները լավ արդյունքներ ցույց կտան այս խաղերում.«Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների մարզավիճակը բավականին լավ է, ոչ մի վնասվածքներ չկան, նրանք աստիճանաբար մոտենում են իրենց մարզավիճակի գագաթնակետին»:

Հայաստանի հավաքականը, Եվրոպայի առաջնությունում մայիսին ունեցած հաջող ելույթներից հետո վերադառնալով, անմիջապես սկսել է ուսումնամարզական հավաքներ անցկացնել Ծաղկաձորում եւ Աբովյանում.«Վերջին ուսումնամարզական հավաքը կսկսվի հուլիսի 15-ից Պադոլսկում, որտեղից էլ Հայաստանի հավաքականը կմեկնի Պեկին»:

Անդրադառնալով Հայաստանի հավաքականում ընդգրկված ծանրորդներին` Փաշիկ Ալավերդյանը նախ խոսեց 69կգ քաշային Տիգրան Գ. Մարտիրոսյանի մասին. «Տեղյակ եք, որ վերջին Եվրոպայի առաջնությունում նա բավական լավ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Բոլորս էլ նրա հետ հույսեր ենք կապում եւ հավանական է, որ նա լավ արդյունք ցույց տա օլիմպիական խաղերում»: Տիգրանից հետո ասպարեզ դուրս կգան 77կգ քաշային կարգում հանդես եկող Արա Խաչատրյանը եւ Գեւորգ Դավթյանը. «Վերջին 2 տարիներին նրանք բավական լավ արդյունք են ցույց տվել: Խաչատրյանը Եվրոպայի առաջնություններում 2 անգամ դարձել է մրցանակակիր, իսկ Դավթյանը աշխարհի փոխչեմպիոն է եւ Եվրոպայի չեմպիոն»:

Ի դեպ, 2007թ. աշխարհի առաջնությունում Դավթյանը ոսկե մեդալը զիջեց բուլղարացի Իվան Ստոյցովին, որը սակայն օլիմպիական խաղերին չի մասնակցելու: Օրերս Բուլղարիայի հավաքականը որակազրկվել է արգելված խթանիչներ օգտագործելու համար: Փաշիկ Ալավերդայանի կարծիքով` դա ամենեւին էլ չի հեշտացնում Դավթյանի գործը. «Դա շատ տհաճ դեպք է, որի արդյունքում բուլղարացիները դուրս են մնացել օլիմպիական խաղերից: Չեմ կարծում թե դա պետք է ոգեւորի մեր մարզիկներին, քանի որ այս քաշային կարգում թե Դավթյանը, թե Խաչատրյանը ունեն նաեւ այլ լուրջ մրցակիցներ: Եթե բուլղարացին հնարավորություն չունի մեկնել Պեկին, ապա դա չի նշանակում, թե մեր հաջողությունը ապահովված է»:

Հայաստանը 2 մարզիկներով ներկայացված կլինի նաեւ 85կգ քաշային կարգում. «Այստեղ հանդես կգան Տիգրան Վ. Մարտիրոսյանը եւ վանաձորցի Էդգար Գեւորգյանը, որին սկզբում որոշել էինք դուրս բերել 94կգ քաշային կարգում, բայց ի վերջո որոշեցինք հայտավորել 85կգ քաշայինների պայքարում»:

Կանանց պայքարում հանդես կգա 63կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը, որը տղաների հետ միասին մարզվում է նույն ծրագրով. «Հաճախելով մարզումներին` ես ականատես եմ եղել, որ նա շատ լավ մարզավիճակում է եւ պատրաստ է նոր հաջողություններ արձանագրելու»:

Փաշիկ Ալավերդյանը գտնում է, որ արվել է հնարավոր ամեն բան, լավ արդյունք ունենալու համար. «Մեր ծանրորդները եղել են թե ծանրամարտի ֆեդերացիայի, թե սպորտի նախարարության, թե ՀՕԿ-ի ուշադրության կենտրոնում: Գագիկ Ծառուկյանի եւ ՀՕԿ-ի կողմից լուծվել են բոլոր հարցերը, որեւէ խնդիր չունեն մեր մարզիկները: Որքանով որ ես հասկանում եմ ծանրամարտից, աշխատանքները լավ հիմքի վրա են դրված եւ ոչինչ չպետք է խանգարի մեր մարզիկներին ցույց տալ իրենց լավագույն արդյունքները»:

Միաժամանակ Փաշիկ Ալավերդյանը ընդգծեց, որ օլիմպիական խաղերին լավ են նախապատրասվում բոլոր երկրների մարզիկները եւ այն հնարավոր չէ համեմատել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության հետ. «Աշխարհի առաջնությանը մարզիկները գնում են վարկանիշ ձեռք բերելու, իսկ օլիմպիական խաղերում նրանց հետաքրքրում է միայն արդյունքը: Նրանք ներդնում են ողջ ուժերը մրցանակային տեղ գրավելու համար: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում գրանցված արդյունքները մեծապես տարբերվում են օլիմպիական խաղերում ցույց տված արդյունքներց»: