Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԳԼԽԱՎՈՐՈւՄ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ

Սպորտ

Հայաստանում գործող մի շարք մարզաձեւեր գլխավորում են հայտնի գործարարներ, պետական պաշտոնյաներ, նախկին մարզիկներ կամ տվյալ մարզաձեւի հետ առնչություն չունեցող անձիք:

ՖՈՒՏԲՈԼ -Ռուբեն Հայրապետյան (Աժ պատգամավոր, հայտնի գործարար)

Հայրապետյանը ֆեդերացիան գլխավորում է 2002թվականից: Հայրապետյանը ֆուտբոլիստ չի եղել, սակայն այս ոլորտում արդեն մեծ փորձ ունի: Նախքան ֆեդերացիան գլխավորելը Ավանի նախկին թաղապետը հիմնել էր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը անկախացած Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է: Հայրապետյանը ստեղծել է նաեւ ինքնատիպ գործադիր կոմիտե, որտեղ ընդգրկված են ֆուտոբլից հեռու մի շարք անձինք, որոնցից կարելի է առանձնացնել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին եւ իրավապահ մարմիններում տարբեր պաշտոներ զբաղեցրած Հովհաննես Վարյանին:

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ - Հայկ Հարությունյան (Ներքին գործերի նախարար)

Գեներալ-գնդապետ Հարությունյանը 1976 թվականից ներքին գործերի համարկարգում է, իսկ ահա նրա բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ լինելը գրեթե ձեւական բնույթ է կրում, քանի որ լինելով ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը չի կարող միաժամանակ լիարժեք զբաղվել մարզական հարցերով: Դա նրա փոխարեն կատարում է ֆեդերացիայի քարտուղար Լյովա Հովհաննիսյանը, որը բռնցքամարտում աշխատելու հսկայական փորձ ունի:

ԹԵՆԻՍ - Հարություն Փամբուկյան (ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար)

Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատերը արդեն մի քանի տարի է գլխավորում է թենիսի ֆեդերացիան: Սա այն եզակի մարզաձեւերից է, որը նաեւ ապահովում է որոշակի եկամուտներ, քանի որ համակարգում գործող «Մաստեր Կլաս» ակումբում մեծ թվով անձինք են հաճախում եւ մեծ գումաներ վճարում մարզումների համար: Պատահական չէ, որ այսօր թենիսը Հայաստանում ամենաթանկ մարզաձեւն է:

ՇԱԽՄԱՏ -Սերժ Սարգսյան (ՀՀ վարչապետ)

Ամենարտառոցը Սերժ Սարգսյանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշոտնում հայտնվել էր: Նրա նախագահ լինելը եւս ձեւական բնույթ է կրում, քանի որ այստեղ մեծ ծավալի աշխատանք են կատարում փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը: Այս անձինք մի քանի տասնամյակ է `շախմատում են: Իսկ Սարգսյանը գլխավորելով ֆեդերացիան` ցանկացել է որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել, որում մենք համոզվեցինք 2007թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ շախմատիստների արած քաղաքական հայտարարություններից:

ԾԱՆՐԱՄԱՐՏ -Սամվել Խաչատրյան (նախկին ծանրորդ, գործարար, Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար)

Խաչատրյանը լինելով նախկին ծանրորդ միանգամից լուրջ հաջողությունների հասավ որպես ֆեդերացիայի նախագահ: Սամվել Խաչատրյանը ապացուցեց, որ տվյալ մարզաձեւի անձ լինելը շատ կարեւոր է ֆեդերացիայի ղեկը ստանձնելիս:

ԸՄԲՇԱՄԱՐՏ -Սամվել Ալեքսանյան (ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար)

Ալեքսանյանի նախագահ լինելը եւս ձեւական բնույթ է կրում: Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը հանրությանը գրեթե չի ներկայանում որպես ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ եւ նույնիսկ քչերին է հայտնի, որ Ալեքսանյանը այս պաշտոնում է: Ֆեդերացիայում կատարվող աշխատանքները հիմնականում համակարգում է գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյան:

ԴԱՀՈՒԿԱՍՊՈՐՏ - Արմեն Երիցյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ)

Գեներալ - մայոր Երիցյանը հայտնի ոստիկական համակարգում զբաղեցրած բարձր պաշտոններով: Իսկ ահա որպես դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ նա գրեթե հայտնի չէ: Ամեն դեպքում Երիցյանի ազդեցության շնորհիվ մարզաձեւում որոշակի առաջընթաց է նկատվում, իսկ նախկինում այն հայտնվել էր «իզգոյ» վիճակում:

ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏ -Լեւոն Աբրահամյան (մշակութային գործիչ)

Մի շարք մշակութային միջոցառումների կազմակերպիչ, երաժշտական կամերային թատրոնի նախկին տնօրեն Լեւոն Աբրահամյանը, ստանձնելով այս պաշտոնը, սկզբում մեծ ակտիվություն էր ցուցաբերում եւ որոշակի հաջողություններ արձանագրվեցին: Սակայն աստիճանաբար Աբրահամյանը անհետացավ տեսադաշտից եւ իր հիմնական պարտականությունները թողնեց ֆեդարացիայի մյուս աշխատակիցների վրա:

ՄԱՐՆԱՄԱՐԶՈւԹՅՈՒՆ - Ալբերտ Ազարյան (Օլիմպիկան չեմպիոն, Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ)

Այս մարզաձեւի ֆեդերացիայի ղեկին ավելի հարմար թեկնածու պատկերացնել հնարավոր չէ: Ամեն դեպքում Ազարյանին դեռ չի հաջողվում ամբողջությամբ լուծել մարզաձեւում առկա խնդիրները: Տարբեր չինովնիկներ օլիմպիական չեմպիոն անվերջ խոստումներ են տալիս, սակայն դրանք զգալիք մասը չի իրականացվում:

ԲԱՍԿԵՏԲՈԼ - Հրաչյա Ռոստոմյան (նախկին բասկետբոլիստ)

Ամենաերիտասարդ ֆեդերացիայի նախագահը մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն եղել է պրոֆեսիոնալ բասկետբոլիստ եւ հանդես եկել Հայաստանի պատանեկան հավաքականներում: Նախագահ ընտրվելուց ընդամենը 1 տարի անց Ռոստոմյանին հաջողվեց վերջապես հայ բասկետբոլիստներ դուրս բերել միջազգային ասպարեզ: Բայց այդ ակումբային առաջնություններում արմատական փոփոխություններ կատարվեցին:

ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒն-Հրաչյա Պետիկյան (նախկին հրաձիգ,օլիմպիական չեմպիոն)

Պետիկյանը եւս այն եզակիներից է, որ իր ղեկավարած մարզաձեւի հետ անմիջական կապ է ունեցել եւ մեծ հաջողությունների հասել: Մինչեւ 2007թ. նոյեմբերի աշխատելով խիստ անբարենպաստ պայմաններում, Պետիկյանը այնուամենայինվ կարողանում էր որոշակի արդյունք ապահովել միջազգային ասպարեզներում:

ՁԻԱՍՊՈՐՏ-Հայրապետ Հայրապետյան (գործարար)

Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնված ԲՀԿ-ականը որպես ձիասպորտի ղեկավար վերջին տարիներին մի շարք ծրագրեր է կյանքի կոչել, որոնցից մի քանիստ նաեւ հաջողված բիզնես նախագծեր են:

ՀԱՆԴԲՈԼ-Սարգիս Գրիգորյան (ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության պետ)

Թեեւ Սարգիս Գրիգորյանը նախկինում եղել է հանդբոլիստ, սակայն այսօր նաեւ լրիվ այլ աշխատանքով է զբաղված, իսկ հանդբոլին առնչվող հարցերը հիմնականում կարգավորում է ֆեդերացիայի փոխնագահ Հարություն Մելքոնյանը: