ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի վերջապես հայ հանդբոլիստները կարողացան մասնակցել միջազգային ստուգատեսների: Հայաստանի հավաքականը ելույթ ունեցավ Եվրոպայի թույլ զարգացած երկրների մրցաշարում, իսկ աղջիկների պատանեկան հավաքականը Շվեդիայում մասնակցեց 150 երկրների մասնակցությամբ մրցաշարի:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանը նշեց, որ ազգային հավաքականը ծանր փորձության ենթարկվեց. «Շատ դժվար ենթախումբ էր: Եթե նախկինում պետք է մասնակցեինք Շոտլանդիայում կայանալիք մրցաշարին, որտեղ կային մեր մակարդակի թիմեր` Իռլանդիա, Կիպրոս, Լատվիա, ապա վերջին պահին փոխվեց կանոնադրությունը եւ որոշվեց մրցաշարը անցկացնել 2 ենթախմբերով: Ենթախմբերը բաժանեցին ըստ գոտիների, եւ մեզ Վրաստանին, Ադրբեջանին եւ Մոլդովային դարձրեցին մի ենթախումբ»:
Հայաստանը անկհայտորեն թույլ է եղել մրցակիցներից, որոնք իրենց կազմում ունեցել են 6-7 բարձրակարգ ակումբներում հանդես եկող հանդբոլիստներ: Հատկապես դժվար է եղել Ադրբեջանի հետ մրցավեճում, որը աչքի է ընկել ոչ մարզական լարվածությամբ. «Մինչեւ հանդիպումը ադրբեջանցիները նախապայմաններ դրեցին: Մասնավորապես նրանք դեմ էին ձեռքով ողջունելուն: Հանձինս ինձ կարողացանք այդ խոսակցություններին վերջ դնել: Չեմ ուզում արդարանալ պարտության համար, սակայն առաջին կեսում մենք խաղացել են Ադրբեջանի դեմ, որի կազմում հանդես էին գալիս 7 ռուս խաղացողներ»:
Իսկ Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականը ամռանը Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում մասնակցել է «Եվրոֆեստ» մրցաշարին եւ նույնիսկ հաղթել Բրազիլիայի հավաքականին. «Այդ մրցաշարում մենք որոշակի խնդիրներ ունեցանք, քանի որ հանդիպումները կայացան 5 օրվա ընթացքում եւ եկավ օր, երբ միանգամից 3 հանդիպում անցկացրեցինք: Մենք մրցավայր պետք է մեկնեինք 21 հոգով, սակայն հավաքականի կազմում ընդգրված էին ընդամենը 12 խաղացող»:
Ընդհանուր առմամբ, ըստ Մելքոնյանի, տարին հաջող էր հանդբոլի համար. «Կարողացանք մեզ հատկացված գումարները օգտագործել ըստ նախագահության կողմից հատկացված օրացույցային պլանի: Բոլոր տարիքային խմբերում կարողացանք անցկացնել հանրապետության առաջնությունները: Կարողացանք մեծացնել աշխարհագրությունը Հայաստանում: Առաջին անգամ պատանեկան մրցաշար անցկացրեցինք Արցախի Բերդձոր քաղաքում, որը բավական լավ ընդունվեց: Շուտով ֆեդերացիան այնտեղ գործնական սեմինար պարապմունքներ կանցկացնի մարզաձեւը զարգացնելու համար»:
Ֆեդերացիան արդեն հրավերներ ունի մասնակցելու հաջորդ տարի կայանալիք մի շարք մրցաշարերի, սակայն դրանք ֆինանսական լուրջ միջոցներ են պահանջում. «Եվրոպական երկրների համար հեշտ է մրցաշարերին մասնակցելը: Նրանք կարող են ավտոբուսով կամ գնացքով հասնել մրցավայր, իսկ մեզ ազնվազն 16-18 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է անհրաժեշտ: Դա է մեր խնդիրը, այլապես մենք ավելի մեծ թվով միջազգային մրցաշարերի կմասնակցենք»:
Ամեն դեպքում ֆեդերացիան արդեն պաշտոնական հայտ է ներկայացրել մայիսի 9-16 Իտալիայում կայանալիք Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնությանը մասնակցելու համար. «Թիմը արդեն նախապատրաստվում է: Արդեն մեկ ուսումնամարզական հավաք անցկացրել ենք Վանաձորում: Եւս մեկը կանցկացնենք մինչեւ մրցավայր մեկնելը»: Հաջորդ տարի Հայաստանի կանանց ազգային հավաքականը կմասնակցի նաեւ ոչ զագացող երկրների մրցաշարին: