ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՔՎՈւՄ ԽՆԴԻՐ ՉԻ՞ ՈւՆԵՆԱ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանը հաջորդ տարի պատրաստվում է անցկացնել շախմատի «Գրան Պրի»-ի մրցաշարերից մեկը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները:
Հավանական է, որ այդ իրավունքը ադրբեջանցիներին կտրվի. եւ Բաքուն հնարավորություն կունենա ընդունել հայտնի գրոսմայստերներին: Այս պարագայում Լեւոն Արոնյանը եւս ստիպված կլինի մեկնել Բաքու:
Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը հայտարարել է, որ Արոնյանի մասնակցությունը չի կարող խոչընդոտել մրցաշարի անցկացմանը. «Բաքվում սեպտեմբերին կայացավ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, եւ ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես Ադրբեջանը կարող է անցկացնել մրցաշարերը բարձր մակարդակով: Նույն հայերը խոստովանեցին, որ Բաքվում նրանք ոչ մի խնդիր չեն ունեցել: Ինչ վերաբերվում է «Գրան Պրիին», ապա այստեղ մարդկանց հոծ բազմություն չի լինում, որը թույլ է տալիս լուծել խնդիրը, կապված հայ շախմատիստի Բաքու ժամանելու հետ»:
Ի դեպ, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը եւս մեկ անգամ հերքել է ադրբեջանական մամուլում հրապարակված այն հայտարարությունը, որում նա Հայաստանին անվանում է թշնամի: Հարցազրույցի ընթացքում Ռաջաբովը, խոսելով Եվրոպայի առաջնությունում կայացած Հայաստան - Ադրբեջան շախմատային խաղի մասին, նշել էր, որ ինքը ատում է հայերին եւ Հայաստանը միշտ էլ համարվել է թշնամի: Սակայն շախմատիստը հայտարարել է, որ իր բառերը փոխել է ադրբեջանցի լրագրողը: