ՓԱԽՈՒՍՏԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑ ՉԿԱ՞
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերին բռնցքամարտի Հայաստանի հավաքականից փախուստի դիմած Վաչագան Ավագյանը այդպես էլ չի վերադարձել ԱՄՆ-ից: Թեեւ աշխարհի առաջնության ժամանակ լքելով Հայաստանի հավաքականի ճամբարը` Վաչագանը խոստացել էր մինչեւ ամանոր վերադառնալ, բայց նրանից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում նորություն չունեն: «Եթե տեղեկություն չունենք, ապա նշանակում է վերադարձը խիստ անհավանական է», ասաց ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սարգսյանը:
Ի դեպ, մինչ այս միջադեպն էլ Հայաստանի պատվիրակությունը խնդիրներ էր ունեցել ԱՄՆ մեկնելուց, իսկ 2 առաջատար մարզիկները նույնիսկ մերժում էին ստացել: Սարգսյանը հույս հայտնեց, որ Վաչագան Ավագյանի հետ կապված միջադեպը ազդեցություն չի ունենա հետագայում մարզիկներին վիզա ստանալու հարցում. «Սա առաջին դեպքը չէ եւ նախկինում այս խնդրի հետ մենք առնչվել ենք: Որքան էլ փորձում, ձգտում ենք խուսափել նման բաներից, բայց երբեմն լինում են այդպիսի դեպքեր: Անհասկանալի ձեւով նրանք կարողանում են փախչել: Գոնե վերջին 10 տարվա մեջ փախուստի դեպքեր մեզ մոտ չէին եղել: Այդ խնդիրը համայն աշխարհով է տարածված: Ով ոտքը դրեց Միացյալ նահանգներ, ցանկանում մնալ: Օրինակ` վերջին առաջնությունում վրացիներից 2 հոգի մնացել էին, էլ չեմ ասում մյուս քիչ հայտնի երկրների մասին»:
Սարգսյանը հավաստիացրեց, որ մարզիկների հետ հատուկ աշխատանք է կատարվում, որ նրանց նման քայլերի չդիմեն. «Մենք նրանց դաստիրակում ենք հայրենասիրական ոգով եւ հույս ունենք, որ նրանք էլ են մեզ պես մտածում: Վերջապես սա մեր տունն է, որտեղից փախչել չի կարելի: Շատ կարեւոր է նաեւ, թե ընտանիքում ինչ դաստիրակություն է ստանում մարզիկը: Արդյո՞ք ընտանիքում չի արմատավորվում փախչելու տարբերակը: Չկա հստակ միջոց, որի շնորհիվ հնարավոր լինի կանխել նման դեպքերը, քանի որ մոլախոտեր ամեն ազգում էլ կան»: