ԱՌԱՋԻԿԱՅՈւՄ ԿՈւՆԵՆԱՆՔ ՆՈՐ ՄՐՑԱՎԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Մոսկվայում ավարտվել է ՖԻԲԱ-ի եւ Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կազմակերպած մրցավարական սեմինարը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Ա1+»-ին հայտնեց, որ առաջիկայում Մոսկվայում ՖԻԲԱ-ն ստեղծում է մրցավարական ակադեմիա, որտեղ սովորելու հնարավորություն են ստանում նաեւ հայ մրցավարները. «Թե որքան մրցավար կլինի Հայաստանից, դժվար է ասել, քանի որ դա կապված է նրանց ցանկության հետ: Սեմինարի ընթացքում հանդիպումներ ունեցանք Ռուսաստանի ֆեդերացիայի ղեկավարության հետ եւ որոշվեց, որ Մոսկվայի ակադեմիայում սովորելու հնարավորություն կունենան ԱՊՀ եւ մերձբալթյան մի շարք երկրների ներկայացուցիչներ»:
Հրաչյա Ռոստոմյանը, որը նաեւ միջազգային կարգի մրցավար է եւ ժամանակ առ ժամանակ վարում է ՖԻԲԱ-ի հովանու ներքո անցկացող հանդիպումները, հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանը կունենա եւս մեկ բարձրակարգ մրցավար. «Այժմ արդեն ակադեմիայում գրանցված է Արման Տիրայանը, որը այս օրերին Մոսկվայում է: Նա այնտեղ առաջին քննությունները հանձնեց եւ հիանալի արդյունքներ ցույց տվեց: Ինձ թվում է նաեւ 1-2 տարի հետո արդեն կկարողանա միջազգային հանդիպումներ վարել»:
Ակադեմիայի մայր դպրոցը լինելու է Մոսկվայում, սակայն մի շարք դասընթացներ եւ սեմինարներ անցկացվելու են նաեւ այլ քաղաքներում: Բացառված չէ, որ Երեւանում հաջորդ տարի եւս անցկացվի սեմիներ. «Դա պայմանավորված է որոշակի ֆինանսների հետ: Բնականաբար դա պետական բյուջեից չի կարող ֆինանսավորվել եւ նպատակահարմար էլ չէ, ուստի պետք է կորձենք գտնել ֆինանսներ այլ աղբյուրներից»:
Հրաչյա Ռոստոմյանը հայտնեց նաեւ, որ 2008թ. նախատեսում է հանդիպում ունենալ ՖԻԲԱ-ի ղեկավարության հետ. «Անձնական հագեցած գրաֆիկի պատճառով դեռ չի հաջողվում մեկնել Մյունխեն, որտեղ գտնվում է ՖԻԲԱ-ի շտաբ բնակարանը, սակայն հունվարին կամ փետրվարին հավանաբար կհաջողվի հանդիպել ՖԻԲԱ-ի ղեկավարության հետ եւ քննարկել Հայաստանում բասկետբոլի զարգացմանը առնչվող մի շարք հարցեր»: