Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ TOP-10

Սպորտ

2007թ. հայկական սպորտի համար նշանավորվեց նաեւ մի շարք սկանդալներով: Անդրադառնանք դրանց ըստ դասակարգման.

1. Փախուստ հավաքականից Առաջին «պատվավոր» տեղում է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վաչագան Ավագյանը, որը ազգային թիմի ճամբարից փախուստի դիմեց ԱՄՆ-ում հոկտեմբերին կայացած աշխարհի առաջնության ժամանակ: Պարտվելով հենց առաջին փուլում` հայ բռնցքամարտիկը մարզչից թաքուն վերցնելով իր անձնագիրը Չիկագոյից հեռացել էր Լոս Անջելես: Որքան էլ փորձել էին հայկական պատվիրակության անդամները ետ բերել Ավագյանին, դա չէր հաջողվել: Միջազգային ԶԼՄ-ները անմիջապես հաղորդեցին հայ մարզիկի փախուստի մասին լուրը:

2. Հայտարարվեց չեղյալ Տարվա ամենամեծ ֆուտբոլային իրադարձությունը մեզ համար պետք է լիներ Հայաստան - Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումները, սակայն ՈՒԵՖԱ-ն հունիսին չեղյալ հայտարարեց այս հանդիպումները: Թեեւ ՀՖՖ-ն մինչ այդ պատրաստակամություն էր հայտնել դիմել սպորտային արբրիրտաժային դատարան, սակայն անիմաստ էր սրել հարաբերությունները եվրոպական ֆուտբոլի ղեկավարության հետ:

3. Մերժեցին Երեւանում Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկան աղջիկների հավաքականին Երեւանում գտնվող Իտալիայի դեսպանատունը հուլիսին չտրամադրեց մուտքի վիզա` թույլ չտալով մեկնել իտալական Կետի քաղաք եւ առաջին անգամ մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Դեսպանատունը այդպես էլ հստակ պատասխան չտվեց կատարվածի վերաբերյալ` նշելով միայն, թե իբր հայ մարզուհիների անձնագրերը վստահություն չեն ներշնչում, մինչդեռ նրանց վիզա տրամադրել էր հենց Իտալիայի բասկետբոլի ֆեդերացիան: Այս հարցը դեռ շարունակվում է քննարկվել եւ ՀԲՖ-ն փորձում է վերականգնել իր իրավունքները:

4. Մերժեցին Մոսկվայում Նմանատիպ իրավիճակում ապրիլին հայտնվել էր նաեւ Հոկեյի Հայաստանի հավաքականը, որին Մոսկվայում գտնվող Իռլանդիայի դեսպանատունը թույլ չտվեց մեկնել Դուբլին եւ մասնակցել աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին: Ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը իռլանդացիների այս արարքը որակեց միտումնավոր քայլ` Հայաստանից որպես ուժեղ մրցակից խուսափելու համար:

5. Ստիպեցին հեռանալ Հուլիսին անսպասելի հրաժարական տվեց Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որի գլխավորությամբ թիմը վերջապես սկսել էր հաղթանակներ տոնել եւ հավակնել չեմպիոնությանը: Հետագայում պարզվեց, որ Սուքիասյանի աշխատանքին անընդհատ խոչընդոտել են ակումբի ղեկավարները, որոնք ըստ մարզչի չէին ցանկանում «Արարատին» տեսնել առաջին հորիզոնականում: Այդ դեպքում ղեկավարությունը ստիպված կլիներ խոշոր պարգեւատրումներ վճարել: Սուքիասյանին փոխարինած Դուշան Միհիչի գլխավորությամբ «Արարատը» մեկը մյուսի հետեւից խայտառակ պարտություններ կրեց:

6. Կողմնակալ մրցավարություն ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ հայ մարզիկները Բաքվում մասնակցեցին միջազգային մրցաշարի: Խոսքը Հայաստանի ըմբշամարտի հավաքականների մասին է: Ցավոք Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում հայ մարզիկների նկատմամբ կողմնակալ էին մրցավարները, որոնք ամեն կերպ խոչընդոտում էին մեր ըմբիշների առաջխաղացմանը: Ըստ Հայաստանի հավաքականի մարզիչների` կազմակերպիչները մեծ մտավախություն ունեին, որ եթե մեր ըմբիշներից որեւէ մեկը դառնա չեմպիոն, եւ կազմակերպիչները ստիպված լինեին հնչեցնել Հայաստանի հիմնը, ապա 7 հազարանոց մարզադահլիճում անցանկալի իրադարձություններ կծավալվեն:

7. Ավարտվեց սկանդալով Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը ավարտվեց մեծ սկանդալով: Վերջին տուրի «Ուլիս» - «Արարատ» խաղի մրցավարությունը մեծ դժգոհություն առաջացրեց հյուրերի մոտ: Երբ «Արարատը» հաղթում էր 2:1 հաշվով, մրցավարը 90-րդ րոպեին կասկածելի 11 մետրանոց նշանակեց, որը անվրեպ իրացրեց «Ուլիսի» դարպասապահ Մայիս Ազիզյանը: Հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով եւ «Արարատը» զրկվեց բրոնզե մեդալներից:

8. Շարունակություն չգտավ Թվում էր Բաքվում հայ ըմբիշների ելույթներից հետո արդեն շարունական բնույթ կկրի հայ եւ ադրբեջանցի մարզիկները ելույթները հարեւան երկրներում տեղի ունեցող մրցաշարերում, բայց դա առայժմ միակ մրցաշարն է: Հոկտեմբերին ադրբեջանցիները հրաժարվեցին ժամանել Երեւան եւ մասնակցել մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությանը, թեեւ Հայաստանը երաշխավորել էր Ադրբեջանի պատվիրակության անվտանգությունը: Նույն ամսին նույնիսկ չքննարկվեց հայ ձյուդոիստների մասնակցության հարցը Բաքվում կայանալիք միջազգային վարկանիշային մրցաշարում:

9. Անլուրջ ակումբներ Տարեսկզբին Հայաստանում ի հայտ եկավ նոր ֆուտբոլային ակումբ: Խոսքը Իջեւանի «Բենտոնիտի» մասին է, որը նույնիսկ մասնակցել է Հայաստանի գավաթի խաղարկությանը: Հիմնականում լեգեոներներով համալրված այս թիմը կարճ ժամանակ անց ցրվեց, իսկ ակումբի աշխատողները դարձան գործազուրկ: Նույն ժամանակահատվածում ցրվեց նաեւ «Երեւան Յունայթեդ» ակումբը, որը երկրորդ անգամ էր նման բախտի արժանանում:

10. Աննկատ հեռացավ Հայաստանի 2006թ. լավագույն ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանը մրցաշրջանի եռուն պահին անսպասելիորեն ավարտեց կարիերան: Դեռեւս հունիսը Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ համարվող Արմեն Շահգելդյանը արդեն սեպտեմբերին հանդիպումներին հետեւում էր տրիբունաներից: Փորձառու ֆուտբոլիստը, ելնելով որոշ հանգանքներից, ստիպված էր հեռանալ ֆուտբոլից: Առաջին հերթին դրան նպաստեց նրա լարված հարաբերությունները «Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդերասյանի հետ: Այդպես էլ չկազմակերպվեց Շահգելդյանի հրաժեշտի հանդիպումը, թեեւ Արմենը շարքային անձ չէ հայկական ֆուտբոլում եւ անկասկած Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: