Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՈՒՅՑ ԿՏԱ ՌԻՆԳԸ

Սպորտ

2007թ. հայ բռնցքամարտիկների համար այնքան էլ հագեցած չէր: Կարեւոր մրցաշարեր էին Եվրոպայի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունը, մեծահասակների աշխարհի առաջնությունը:

«Եվրոպայի առաջնություններում ունեցել ենք 1 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում մեր մարզիկները օլիմպիական 3 ուղեգիր նվաճեցին: Զուտ թվերով այսպես կարելի է բնութագրել տարին, սակայն շատ կարեւոր էր, որ մենք առաջին անգամ մասնակցեցինք Եվրոպայի պատանեկան առաջնություններին եւ նորամուտը բավական հաջող էր», - նշեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սարգսյանը եւ ավելացրեց. «Կարծում եմ տարին միջինից բարձր մակարդակով ենք փակում: Պետք է հաշիվ առնենք նաեւ, որ Վրաստանը ոչ մի վարկանիշ չունեցավ, իսկ Ադրբեջանը ընդամենը մեկ վարկանիշով վերադարձավ ԱՄՆ-ից»:

Այս տարի ֆեդերացիան փորձել է նաեւ ավելացնել հավաքների եւ մրցումների քանակը: Մասնավորապես նոյեմբերին Հայաստանի երիտասարդական հավաքականը ուղեւորվել է Դոնի Ռոստով, որտեղ շատ հաջող ելույթ է ունեցել միջազգային մրցաշարում: Իսկ այժմ Հայաստանի 7 հոգոնոց հավաքականը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ եւս մասնակցում են միջազգային մրցաշարի. «Անցած տարիներին այսպիսի հնարավորություններ չէր լինում: Այս տարի փորձեցինք ավելի խնայողաբար օգտագործել առկա գումարները եւ հնարավոր եղավ մեր մարզիկների մասնակցությունը Ռուսաստանում կայացած այս 2 մրցաշարերին: Դա մեծ խթան է, հաջորդ տարի կայանալիք կարեւոր մրցաշարերում հաջող հանդես գալու համար»:

Ֆեդերացիան այս տարի ամրապնդել է Ռուսաստանի հետ համագործակությունը, եւ դա ֆեդերացիայի գործադիր տնօրենը կարեւոր քայլ է համարում. «Մենք ունենք Ռուսաստանում անցկացվող մրցումների տարեկան ծրագիրը եւ երբ մեզ հարմար է լինում, փորձում ենք միանալ նրանց: Ժամանակի ընթացքում մենք զգալիորեն կտրել էինք կապը ռուսների հետ, այժմ փորձում ենք վերականգնել: Եվրոպա եւ Ռուսաստան գնալը դրանք տարբեր բաներ են: Ռուսաստանի բռնցքամարտի դպրոցը շատ բարձր մակարդակ ունի: Ժամանակին մենք ետ չէինք մնում նրանցից, իսկ այժմ տարբերությունը շատ մեծ է: Փաստորեն դա մեր անջատողականության հետեւանքն է»: Երկու երկրների ֆեդերացիաները ղեկավարները արդեն պայմանավորվել են, որ հաջորդ տարի հայ մարզիկները շարունակելու են մասնակցել ՌԴ-ում անցկացող մրցաշարերի: Արդեն հունվարին հայ պատանիները հրավեր ունեն մասնակցելու Կալինինգրադում կայանալի մրցաշարին:

Հայաստանը ներկայումս 3 օլիմպիական ուղեգիր է նվաճել, սակայն հաջորդ տարի ըստ Սարգսյանի մեր մասնակիցների քանակը կարող է ավելանալ եւս 2-3-ով. «Վարկանիշային 2 մրցաշար կա մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը: Այս մրցումների մասնակցելու համար, մենք թիմը հունվարի 5-ից մինչեւ 20 ուղարկում ենք Իրան համատեղ հավաքականի մի շարք ասիական երկրների հետ: Հուսով ենք, որ օլիմպիական ուղեգիր նվաճողների թիվը կավալենա, բայց թե որքանով` հստակ ասել հնարավոր չէ: Դա ցույց կտա ռինգը»: