Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԷՐ»

Սպորտ

«Այս տարի ունեցանք 47 մեդալ, որից 24-ը ոսկե: Եթե միայն երկամարտի մեդալները հաշվենք, ապա 16 մեդալ ենք ունեցել, որը բարձր արդյունք է: - նշեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը` ընդգծելով, որ նախորդ տարիներին էլ ենք մեծ թվով մեդալներ ունեցել,-Մասնավորապես 1999թ. 51 մեդալ են նվաճել մեր ծանրորդները: Պարզապես տարբերությունն այն է, որ մեծահասակների պայքարում Եվրոպայի 3 չեմպիոն եւ 3 մրցանակակիր չենք ունեցել: Այսինքն որակական տարբերություն ենք ունեցել»:

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների աշխարհի եւ եվրոպայի առաջնություններում: Որպես հայտնություն Ալավերդյանը առանձնացրեց 2 մարզիկների. «Նախ պետք է նշեմ 17-ամյա գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանին: Նա հաջողությամբ մասնակցեց թե պատանեկան, թե երիտասարդական առաջնությանը: Երիտասարդականում թեեւ 3 տարով փոքր էր իր մրցակիցներից, սակայն գրավեց պատվավոր 2-րդ հորիզոնականը: Աշխարհի առաջնությունում էլ նա վատ հանդես չեկավ եւ թիմային միավորներ բերեց: 2-րդ հայտնությունը 14-ամյա Սմբատ Մարգարյանն էր, որը լավ արդյունքներ ցույց տվեց: Առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի պատանեկան առաջնությանը` ոչ միայն չընկճվեց, այլեւ հրում վարժությունում ռեկորդ սահմանեց, իսկ երկամարտի արդյունքում գրավեց 2-րդ տեղը»:

2007թ. նախաօլիմպիական տարի էր եւ ծանրորդները բացի մեդալներից նաեւ օլիմպիական ուղեգիր նվաճելու խնդիր էին լուծում: Այս խնդիրը հաջողությամբ իրականացրեցին հատկապես տղամարդիկ. «Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 6 հնարավորից 5 ուղեգիր նվաճեց: Իսկ աղջիկների մասնակցության հարցը մի փոքր բարդացավ, չնայած որ աշխարհի առաջնությունում երկու 4-րդ տեղ ունեցանք, մեկ մասնակից էլ 5-րդ տեղը գրավեց, իսկ մինչ այդ Եվրոպայում 2 չեմպիոն էինք ունեցել եւ մեկ փոխչեմպիոն: Խոսքը Մելինե Դալուզյանի, Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Նազիկ Ավդալյանի մասին, իսկ մյուսները չկարողացան թիմային միավորներ բերել»:

Բայց ըստ ՄՕԿ-ի կանոնադրության` այն մարզիկները, որոնք վերջին 2 տարիներին եղել են աշխարհի լավագույն 10 մարզիկների ցանկում նրանք եւս իրավունք են ստանում մասնակցել օլիմպիական խաղերին: Այս կանոնադրության շնորհիվ առնվազն 1 ծանրորդուհի արդեն իր տեղը ապահովել է Պեկինում կայանալիք խաղերում, եւս 2 ուղեգիր Հայաստանը կարող է ունենալ 2008թ. Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու դեպքում. «Սա այնքան էլ բարդ խնդիր չէ, քանի որ մենք մրցելու ենք այն հավաքականների հետ, որոնք աշխարհի առաջնությունից ուղեգիր չեն բերել: Օրինակ` Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լեհաստանի եւ մի քանի այլ երկրների ներկայացուցիչներ արդեն ուղեգիր ունեն, իսկ Թուրքիան` ոչ, որն էլ կլինի մեր հիմնական մրցակիցը»:

Փաշիկ Ալավերդյանը ընդգծեց, որ ձեռք բերված հաջողությունները մեկ օրվա կամ մեկ տարվա աշխատանք չէ. «Շատ եմ կարեւորում ղեկավարության ճիշտ աշխատելավոճը: Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը նախկինում ծանրորդ է եղել եւ ներկայումս էլ սպորտի փոխնախարար Է: Ապրիլին 2 տարի կլինի, ինչ նա ստանձնել է ֆեդերացիայի ղեկը եւ այս ընթացքում նրան հաջողվել է ստեղծել համախմբած կոլեկտիվ, որը մի բռունցք է դարձել եւ արդյունքները բոլորից առջեւ են: Բնականաբար, մինչ այդ էլ մենք լավ արդյունքներ ենք ունեցել: 2000թ. օլիմպիական խաղերում Արսեն Մելիքյանը մրցանակիր դարձավ, որը մեծ հաջողություն էր: Եղել են նաեւ բազմաթիվ այլ հաջողություններ»:

Նա շատ կարեւորեց նաեւ կատարվող ներդրումները. «Սամվել Խաչատրյանը իր անձնական միջոցներից է ներդնում եւ դա շատ կարեւոր է մարզաձեւի զարգացման համար: Մինչ այդ լուրջ ներդրումներ էր կատարում նաեւ լուսահոգի Շահեն Հովասափյանը»: