Բասկետբոլի Ա» լիգա. «Արագածը» առաջինը մտավ եզրափակիչ
«Արագած» տղամարդկանց բասկետբոլի թիմը դարձավ Հայաստանի «Ա» լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակիչի երրորդ խաղում արագածցիները մրցակցի խաղահրապարակում 92:90 հաշվով հաղթեցին «Արթիկ-Ման Հոլդինգին» եւ սերիայի ընդհանուր հաշիվը դարձրին 4:1 (փլեյ-օֆֆի հաշվարկի մեջ ընդգրկված են նաեւ կանոնավոր առաջնության 3-րդ եւ 4-րդ շրջանների խաղերը): Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դեշան Փարսոնսը («Արագած»), որը վաստակել է 27 միավոր, 9 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին եւ կատարել է 4 արդյունավետ փոխանցում: Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են «Արցախն» ու «Ուրարտու Վիվառոն»: «Արցախը» առայժմ առջևում է սերիայում՝ 3:2 հաշվով: Թիմերի միջեւ կիսաեզրափակիչի հերթական հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին: Եթե «Ուրարտու Վիվառոն» հաղթանակ տանի, ապա կնշանակվի լրացուցիչ եւս մեկ խաղ: