Կա՞ հանրային պահանջ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման (տեսանյութ)
Ծանր հանցագործության պարագայում գույքի բռնագանձումը հիմնավորելու համար նախ պետք է հայեցակարգ մշակվի, իրավիճակին համապատասխան քաղաքական գնահատական տրվի, որպեսզի ընտրողական մոտեցման տպավորություն չթողնի։ Ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը. «Պետք է զերծ մնալ ընտրովի մոտեցումների տպավորություններից»։ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանի կարծիքով՝ պետք է նախ հասկանալ, թե ինչպես է հնարավոր ակտիվների ետբերումը։ Սարգսյանը հիշատակում է միջազգային պրակտիկան, ըստ որի՝ եթե անձը չի կարողանում ապացուցել գույքի՝ օրինական ճանապարհով ձեռքբերումը, ապա այն պետք է բռնագանձվի։ Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը նշում է՝ հանրության հակակրանքը հիմնականում նրանց հանդեպ է, ովքեր տարբեր անօրինական ճանապարհներով են հարստացել։ Իսկ երբ որ հասարակությունը ականատես է եղել, որ բանակի բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք մեքենաներով են շրջում, իսկ բանակի տեխնիկան ոչ բարվոք վիճակում է, հակակրանքն ավելի է խորանում։ Ազգագրագետի խոսքով՝ հետխորհրդային շրջան ապրող Հայաստանում ընդգծվել է համատարած թալանը, իսկ դատական համակարգը նույնպես ներգրավված է եղել, ուստի պետք է ստեղծել ինչ-որ մարմին, որը կզբաղվի դրանով ։ «Հանրային պահանջ կա, և այդ խնդիրները պետք է լուծվեն», - ընդգծում է Թադևոսյանը։