Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում մանկապարտեզների և դպրոցների սանիտարահիգիենիկ վիճակը  մտահոգիչ է (տեսանյութ)

Հասարակություն
Arman-Tatoyan-nkar

ՀՀ մի շարք պետական մանկապարտեզներում և դպրոցներում սանհանգույցները տեղակայված են դրսում, իսկ շենքի ներսում գտնվողներն առանձնացված չեն բաժանիչ պատերով: Դպրոցների 86 տոկոսում բացակայում է տաք ջրամատակարարումը, իսկ մանկապարտեզների միայն 44 տոկոսն է ապահովված տաք ջրամատակարարմամբ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 121 դպրոցներում և 80 մանկապարտեզներում 2018 թվականի մայիս - հունիս ամիսների ընթացքում իրականացվել է մոնիթորինգ՝ պարզելու ՀՀ-ում դպրոցների և մանկապարտեզների  ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների վիճակը: Ծրագիրն սկսվել է դեռևս 2017 թվականին: Արման Թաթոյանի խոսքով, դպրոցներն ընտրվել են պատահականության սկզբունքով: «Մանկապարտեզների և դպրոցների գերակշիռ մասը հարմարեցված չեն հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների համար: Ընդամենը 7 տոկոսը ունի հարմարեցված պայմաններ: Արձանագրվել են դեպքեր, երբ պատուհանները ցանկապատված չեն եղել և բնական լույսի թափանցելիության ակնհայտ խնդիր է եղել»: Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ շատ դպրոցների սանհանգույցներ ապահովված չեն եղել օճառով, թղթով և սրբիչներով: Շատ  դեպքերում, սանհանգույցի դռների վրա չեն եղել կողպեքներ կամ, եթե եղել են՝ գտնվել են անսարք վիճակում: Անսարք են եղել բազմաթիվ ծորակներ, նույնիսկ արձանագրվել են դեպքեր, երբ ամբողջ դպրոցում առկա է եղել ընդամենը մեկ ծորակ: Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ երեխաները հիմնականում ջուրը խմում են ընդհանուր մեկ բաժակով, ինչը կարող է վարակիչ հիվանդությունների պատճառ հանդիսանալ: Հետազոտման արդյունքները կներկայացնեն Երևանի քաղաքապետին, Տարածքային կառավարման և ԿԳ նախարարներին՝ համատեղ քննարկումների արդյունքում խնդրի լուծման արդյունավետ ծրագիր մշակելու համար: