Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցության հարցեր

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ու Սիրիլ Մյուլերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր   Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:   Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է իրականացված քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության և ՀԲ-ի հետ ակտիվ գործակցությունը կարող է նպաստել երկրում տնտեսական ակտիվության խթանմանը: Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնում է բիզնեսի համար առավելագույնը թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ:   Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը և հայտնել ՀԲ պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, տնտեսության, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կառավարության քայլերը բարենպաստ միջավայր կապահովեն երկրի տնտեսական զարգացման ու առաջընթացի համար:   Երկկողմ համագործակցության համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման, բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:    Նիկոլ Փաշինյանը և Սիրիլ Մյուլերն անդրադարձել են նաև Հայաստան-ՀԲ 2019-2023 թվականների համագործակցության ռազմավարական փաստաթղթին և դրանով նախատեսվող ծրագրային առաջնահերթություններին: