Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ Օպերայի հարակից տարածքում. սրճարանները ապամոնտաժում են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
53889932_643491422746530_4037236028078030848_n

Կեսօրից Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները փորձում էին ապամոնտաժել Օպերային հարակից սրճարանները: «Ջազվե» սրճարաննների   հիմնադիր Արմեն Պետրոսյանի համար քաղաքապետարանի կողմից ծանուցումը անակնկալ է եղել իրենց համար: Շեշտում է տարիներ շարունակ աշխատել են բարեխղճորեն, հարկերից չեն խուսափել: Ըստ Արմեն Պետրոսյանի՝ «Ջազվե»-ն 2004 թվականից է գործում Օպերայում, պայմանագիրը մինչև 2028 թ. է: Ընդունելի կլիներ, եթե քաղաքապետը փորձեր հանդիպել սրճարանատերերի հետ: «Մեր համար ընդունելի կլիներ, որ քաղաքապետը նորմալ քաղաքապետի դիրքում լիներ   և բացատրեր, որ կանաչապատման գործընթաց են սկսել, քանդած տարածքներ կան քաղաքում, մի օր գալու ենք  հասնենք այս տարածքին, ձեր բիզնես պլանները այնպես կազմեք, որ մինչև 2028թ. կարող է հնարավոր չլինի  պայմանագիրը պահել»: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը դեմ չէ, որպեսզի սրճարանները ապամոնտաժեն, բայց կարծում է, որ քաղաքապետարանը խտրականություն է դնում սրճարանների միջև: «Օպերայի հարակից տարածքն ունի հստակ պարիսպներ, որից ներս, եթե քանդվում է, պետք է քանդեն բոլորը և չպետք է լինի կողմնապահություն: 2-3 սրճարան են քանդում, ինչո՞ւ օրինակ չեն քանդում Սամվել Ալեքսանյանի սրճարանը և մյուսներինը»: Սրճարանատերերը նշում էին, որ իրենց չեն իրազեկել, որ այսօր սրճարանները ապամոնտաժելու են, սրան հակառակ, քաղաքապետարանից Արամ Մարտիրոսյանը շեշտեց, որ դեռ  փետրվարի 15-ին են ծանուցվել նրանք,  որ պետք է սրճարաններն իրենք ապամոնտաժեն, բայց չեն արել: Ի դեպ, ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝  իրենք կարող էին նաև չծանուցել, որովհետև այդ տարածքները համարվում են համայնքային սեփականություն: «Մենք որպես լրացուցիչ միջոց  ծանուցել ենք, օրենքով նման պարտավորություն չունենք, քանի որ այն համարվում է համայնքային սեփականություն, որևէ իրավունք  ընկերությունը այդ տարածքի նկատմամբ չունի»:   Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները փորձեցին սկսել ապամոնտաժումը, բայց   սրճարանատերերը, աշխատակիցները և քաղաքացիները դիմադրեցին:  Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի քաղաքապետ Հայկ Մարությանը գա: Նրանք անընդմեջ վանկարկում էին՝ քաղաքապետ, քաղաքապետ, քաղաքապետ: Երկար վիճելուց հետո, սրճարանատերերը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը և  «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը որոշեցին, որ այսօր սրճարանների ամպամոնտաժում չի լինի, շահառու կողմերը այսօր հանդիպում կունենան քաղաքապետի հետ: Վիկտոր Մնացականյանը հավելեց. «Փորձենք լսել, իրենք էլ են մեր քաղաքացիները, մեր տնտեսվարողները, բայց մենք պետք է բացատրենք, որ չի կարող լինել Երևանի կանաչ տարածքների հաշվին»: