ՆԱՏՕ-ի հետ ծրագրերը կապված չեն ռազմական գործոնի հետ. Հովհաննես Իգիթյան (տեսանյութ)
«Հայաստանի համագործակցությունը որեւէ կազմակերպության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ, ուղղված չէ որեւէ այլ կազմակերպության կամ պետության դեմ»,-լրագրողների հետ զրույցում, «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում ասաց Աժ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը: Ժամանակին Հայաստանի այլ գործընկերների կողմից խանդ եղել է, ասում է Իգիթյանը: «Մենք նկատել ենք Ռուսաստանի խանդը, երբ որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ այս կամ այն ծրագրին մասնակցում էր, էլ չեմ ասում նաեւ համատեղ զորավարժությունների մասին: Մեր գործընկերները մտածում էին, որ դա կարող է վնաս հասցնել մեր այլ հարաբերություններին եւ իրենց հետ հարաբերություններին: Իրականում դա այդպես չէ, ՆԱՏՕ-ի հետ ծրագրերը նպատակային են, հիմնականում ուղղված են տարածաշրջանի խաղաղությանը եւ այս շրջանակներում մենք շարունակում ենք համագործակցել»: Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում ռազմական գործն այնքան մեծ չի կարող լինել, որ հակակշռի կամ փոխարինի Ռուսաստանի Դաշնության հետ մեր ունեցած ռազմական միջոցներին: «Նորից եմ կրկնում, որ դրանք ծրագրեր են, որոնք ուղղակի կապված չեն ռազմական գործոնի հետ, այլ ավելի շատ համագործակցության, օրինակ՝ խախաղության հաստատման եւ նաեւ համատեղ համագործակցություն ՝ ահաբեկչության դեմ պայքարում: Այստեղ էլ հեռանկար կա, որովհետեւ այսօր ՆԱՏՕ-ում փոխվում է մոտեցումը, թե ինչ է նշանակում ահաբեկչություն: Եթե նախկինում տերորիզմը համարվում էր անհատի կամ ինչ որ կազմակերպության գործողություններ՝ ուղղված հասարակության ինչ որ մի խմբի կամ անհատի դեմ, այսօր դա արդեն դուրս է եկել միջազգային մակարդակի: Օրինակ՝ այն ինչ անում է Ադրբեջանը Հայաստանի հյուսիսային սահմանում ՝ անընդհատ ահաբեկելով խաղաղ բնակչությանը, ըստ էության այս կամ այն ձեւով առնչվում է այն մոտեցումների հետ , որը բնութագրվում է ՆԱՏՕ-ի կողմից որպես ահաբեկչություն: Կարեւոր է, որ մենք այդ բնութագիրը տանք, որ այն ինչ այսօր կատարում է Ադրբեջանը, դա չի համապատասխանում այն քաղաքակրթության մոտեցումներին, որոնք այսօր ժամանակակից աշխարհը ունի այս իրավիճակը գնահատելու հարցում»,-ասաց Աժ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը: