Ինչու են ռուս պատգամավորները մասնակցել Բաքվի երթին, պետք է հարցնել հենց նրանց․ Զախարովա
Ղարաբաղյան արյունալի հակամարտությունը մահ և տառապանք բերեց բազմաթիվ անմեղ մարդկանց, և Ռուսաստանը շարունակում է այն մեծ ողբերգություն համարել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով ռուսաստանցի խորհրդարանականների՝ Ադրբեջան այցի և Բաքվում անցկացված հակահայկական ակցիային նրանց մասնակցության մասին հայ լրագրողի հարցը՝ Զախարովան ասել է. Արտգործնախարարությո՛ւնը կարող է միայն ներկայացնել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։ Ինչու են ռուսաստանցի պատգամավորները ինքնակազմակերպվել և մասնակցել Բաքվում փետրվարի 26-ին կայացած երթին, պետք է հարցնել հենց այդ պատգամավորներին։ Զախարովան նաև վստահեցրել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության առաջնահերթություններից է։