Էդ մոռացե՞լ եք, որ խորհրդարանական պետությունում ենք. ԲՀԿ-ականը՝ «Իմ քայլի» անդամներին (տեսանյութ)
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչպես Էդմոն Մարուքյանը, առաջարկում է ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարել: Ի տարբերություն Էդմոն Մարուքյանի առաջարկած նախագծի, որով առաջարկվում էր 1 օրվա պատժի հաշվակցումը 1,5 օրով հաշվակցել միայն հետադարձ ուժով, Զոհրաբյանն առաջարկում է, որպեսզի նաև ապագայի վրա ազդի: Պատգամավորը հիմնավորում է, որ սա հնարավորություն կտա փոխելու այն անմարդկային վերաբերմունքը, որը նախկինում եղել է կալանավորվածների նկատմամբ: «Պնդում եմ, որ, մասնավորապես Նուբարաշենի նախնական կալանքի պահպանման խցերում տիրող իրավիճակի համեմատ օսվենցիմի ճամբարները լյուքս դասի հոթելներ են եղել»: «Իմ քայլից» հետաքրքրվեցին՝ արդյո՞ք քրեակատարողական հիմնարկներում գտնվողներին կրճատելով, տուժողների իրավունքները չեն ոտնահարվում, ինչին Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես այն մարդկանցից մեկն եմ, որ մշտապես ասել եմ, տուժողների իրավահաջորդների շահերը պետք է պաշտպանվեն: Նախագիծ եմ ներկայացնելու, մասնավորապես ցմահների դեպքում, և հիմա այն քննարկման փուլում է, որ ներման պրոցեսի ինչ-որ փուլում տուժողների իրավահաջորդների կարծիքը հաշվի առնել, բայց այդ դեպքում, մենք բոլոր պրոցեդուրաները պիտի չեղարկենք, որովհետև կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ տուժողի բոլոր իրավահաջորդները ասեն՝ մենք դեմ ենք»: Զոհրաբյանը հավելեց, որ պատրաստ է լսել բոլորի կարծիքները այս թեմայի շուրջ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ անդրադառնալով իշխանական պատգամավորների դիտարկումներին, շեշտեց. «Տպավորություն է ստեղծվում, որ կառավարության դիրքորոշումը Ազգային ժողովի համար պիտի անբեկանելի լինի, էդ մոռացե՞լ եք, որ խորհրդարանական պետությունում ենք: Այդ դեպքում եկեք գրեք Սահմանադրության մեջ, որ ոչ թե ԱԺ-ն է խորհրդարանական վերահսկողություն իրականացնում կառավարության նկատմամբ, այլ կառավարությունն է կառավարական վերահսկողություն իրականացնում խորհրդարանի նկատմամբ»: Առաջարկված նախագիծը 9 դեմ, 5 կողմ, 1 դեմ ձայների հաշվարկով չընդունվեց: