Հեռանալու փոխարեն վերադարձավ (տեսանյութ)
Երեկ կեսօրին արդեն ցեխ դարձած ձյունը առավոտյան վերադառնում է սպիտակ սավանի պես։ Ձմեռն ասես սիրահարվել է Երեւանին, եւ հրաժեշտ տալու փոխարեն վերադառնում է փետրվարի վերջին օրը։ Ճերմակը մոխրագույնի է վերածվում գետնին չհասած. մոտեցող գարունն իր գործն անում է։ Փաթիլները փակում են տեսադաշտը, բայց այս կնոջը չտեսնել անհնար է։ Կանաչ զգեստով եւ դեղին անձեւանոցով կինը մաքրում է ձյունը բահով սկզբում մանկապարտեզի, հետո Գեւորգ Չաուշի հուշարձանի տարածքում։ Քիչ հեռվում կանգնած են ձյուն մաքրող մեքենաները։
Ու չնայած դեռ ձյունը տեղում է, ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը վստահեցնում է՝ մարտի 1-ին կլինի առանց տեղումների և արևային եղանակ:
«Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ։ Առաջիկա գիշերը տեղումները բոլոր մարզերում կդադարեն, իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել: Բարի գալուստ, գարուն։ Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»,-նշել է ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Սուրենյանը:
