Ես ինքնակամ հրաժարական չեմ տա. Արամ Սիմոնյան (տեսանյութ)
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը լեգիտիմ ընտրված ռեկտոր է։ Ինչպես հիմա, այնպես էլ նախկինում, ըստ Սիմոնյանի, իր հանդեպ որևէ ճնշում չի եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից։
ԵՊՀ ռեկտորը հիշեցնում է, որ ինքը ՀՀԿ կուսակցության անդամ է, իրեն համարում է Նժդեհյան գաղափարների կրող և Անդրանիկ Մարգարյանի առաջարկով է անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը։
«Երևանի պետական համալսարանը երբևէ քաղաքական ճնշման ներքո չի եղել։ Այս հաստատությունը ապակուսակցական է», - շեշտում է ռեկտորը։
Սիմոնյանի պնդմամբ, պետական համալսարանը երբևէ ֆինանսական այնպիսի կայունություն չի ունեցել, ինչպես այսօր։
Իր հանդեպ վերաբերմունքը Սիմոնյանը բնութագրում է որպես քաղաքական հետապնդում։
«Ես ինքնակամ հրաժարական չեմ տա», - հայտարարում է նա, իսկ եթե Հոգաբարձուների խորհուրդը որոշի դադարեցնել Սիմոնյանի լիազորությունները, վերջինս կենթարկվի այդ որոշմանը։
«Հայաստանը երբևէ չի ունեցել այսքան շատ միջազգային գործընկեր», ասում է ռեկտորը։
Թուրքական վիճակագրական տվյալով, Արամ Սիմոնյանի փոխանցմամբ, տարածաշրջանում ԵՊՀ-ն իր վարկանիշով առաջինն է, իսկ եթե առաջինը չէ, գոնե առաջին 3-ի մեջ է։
Անտոնյան ազգանունով անձի կողմից այն պնդումները, թե ԵՊՀ ռեկտորը 30.000 կտոր համալսարանին նվիրաբերված գիրք է յուրացրել, Սիմոնյանը հերքում է, և որպես ապացույց, առաջարկում է լրագրողներին իջնել գրապահոց և տեսնել, որ գրքերը տեղում են։