Շուրջ երեք տասնամյակ սպասման մեջ…
Երկրապահ կամավորականների միությունը վարչության աշխատակից, անհայտ կորած ազատամարտիկի քույր Հայկուհի Պապիկյանի հրավերով հյուրընկալել էր արցախյան գոյամարտում անհետ կորածների հարազատներին: Միջոցառումը մեկնարկեց ԵԿՄ վարչության գրադարանում՝ Երևանի հ. 13 դպրոցի սաների թումանյանական ողջույնով: Ապա հյուրերը վարչության պատասխանատուների, երկրապահների ուղեկցությամբ շրջեցին ԵԿՄ «Փառքի սրահում», ծանոթացան վարչության գրադարանին: Ապա ներկաները ծաղիկներ դրեցին ի հիշատակ անհայտ կորածների խաչքարին՝ Երկրապահ կամավորականների միության վարչության Խաչքարերի պուրակում: « ԵԿՄ-ն որպես արցախյան ազատամարտի մասնակիցներին համախմբող ամենամեծ հասարակական կազմակերպություն իր գործունեության հիմնադրույթներում մշտապես կարևորել է ինչպես զոհված, այնպես էլ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների խնդիրները»,- ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Օհան Գևորգյանը: Նա նաև հորդորեց ներկաներին չխզել կապը Երկրապահի հետ, բարձրաձայնել իրենց մտահոգությունները: «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հ/կ-ի ղեկավար Ռիմա Առաքելյանը բոլոր հարազատների անունից շնորհակալություն հայտնեց երկրապահներին՝ պատրաստակամության և ուշադրության համար: Հյուրերը երկրապահի հետ պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպելու, իրենց մտահոգությունները բարձրաձայնելու ցանկություն հայտնեցին, նրանց համար նաև անակնկալ էր ի հիշատակ անհայտ կորածների խաչքարի առկայությունը վարչության բակում: Հանդիպման ընթացքում Անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին բաժանվեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին» ծրագրի շրջանակներում հրատարակված գրականություն, որի նպատակն է ուժեղացնել Որոնում ծառայության պատրաստվածությունը, հասկանալու և հոգալու ընտանիքների կարիքները: ԵԿՄ Լրատվության բաժին