ՀԲՖ-ն թույլ չի տվել մարզադպրոցի սաներին մասնակցել առաջնությանը. հայտարարություն
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան թույլ չի տվել Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներին մասնակցել բռնցքամարտի 2019 թվականի երիտասարդների Հայաստանի առաջնությանը, որը մեկնարկել է այսօր: Այդ կապակցությամբ մարզադպրոցի տնօրենությունը նամակ-բողոքով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին: Նախարարությունն անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան նախարարության կողմից տրամադրվող միջոցներով է իրականացնելու ՀՀ երիտասարդների առաջնությունը, որին ֆեդերացիան չի թույլատրում մասնակցել պետական միջոցներով մարզվող մարզիկներին, ինչպես նաև ի գիտություն ընդունելով ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի վերջին ընտրությունների արդյունքները չընդունելու և նոր ընտրություններ անցկացնելու պահանջի մասին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին AIBA-ի կողմից ուղարկված նամակը և առաջնորդվելով Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիայի՝ սպորտում խտրականությունն արգելող սկզբունքները (4-րդ, 6-րդ սկզբունքներ), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից պահանջում է հետաձգել 2019 թվականի երիտասարդների առաջնության անցկացումը և առաջարկում է վերանայել ֆեդերացիայի որոշումը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությունն արգելելու մասին: Միաժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է, որ սկսելու է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համագործակցության պայմանագրի վերանայման գործընթաց»: Հարկ է նշել, որ անցած տարի Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ-ի տնօրենությունն առանց հիմնավոր պատճառաբանության իր սաներին թույլ չէր տվել մասնակցելու Հայաստանի առաջնությանը՝ բոյկոտելով այն: