Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր պետական կառավարման ամենամեծ ողբերգությունը ժպ-ներն են

Հասարակություն

«Քանի որ հրահանգ ունեմ ինքս ինձ, որ երեք շաբաթ որևէ թուլության նշան չպետք է դրսևորեմ, ինձ թվում է քսան-քսանմեկերորդ օրը նոր միայն պանիկա կսկսվի և կամ նոր հրահանգներ պետք է տամ ինքս ինձ, կամ չգիտեմ ինչ որոշումների պետք է պատրաստ լինեմ»: Այսպես է գնահատում  ինքնազգացողությունը  17-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր Հովհաննես Գալստյանը: «Մեր պետական կառավարման ամենամեծ ողբերգությունը ժպ-ներն,  ժամանակավոր պաշտոնակատարները,-ասում է կինոռեժիսորը: Արայիկ Հարությունյանի և մյուս պաշտոնյաների միջև տարբերությունն այն է, իմ կարծիքով, որ ում հետ մինչ այժմ հանդիպել եմ՝ ժպ էին էին և չէին կարող ունենալ հեռանկարային հայացք, ի տարբերություն նրանց՝ Արայիկ Հարությունյանը  ունի ստրատեգիական մոտեցում, որովհետև հասկանում է, որ ինքը պետք է կառավարի այս ոլորտը տևական ժամանակ»: Հովհաննես Գալստյանի փաստաբան Նունե Դանիելյանի խոսքով, իրենք ամեն քայլի պատրաստ են: «Մենք բաց ենք երկխոսության: Փորձում ենք հայտարարի գալ, սակայն առայժմ անօգուտ: Գործը դատարանում է, սակայն արդեն  պարզ է, որ ընթացքը կձգձգվի և դատը շարունակական է լինելու»: Կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով, փաստաթուղթը, որ Մշակույթի նախարարությունը ներկայացնում է որպես կեղծ, ոչ իրավական փաստաթուղթ, որը տրվել է գործընկերների հետ հարաբերություններ ձևավորելու համար՝ անհիմն է: «Ասում են, գեղարվեստական խորհուրդը 14 օր ուշ է եղել, քան մենք նամակը տվել ենք: Եթե պետությունը չի աջակցում, արտասահմանյան գործընկերները դժվար աջակցեն: Կինոկենտրոնը փորձել է ընդառաջել, նամակներ են տրամադրել: Գեղարվեստական խորհուրդը չի տալիս նամակ: Եթե կինոկենտրոնը հայտը ընդունել է, եթե խմբագրական կոլեգիան տվել է իր դրական եզրակացությունը, էլ ինչ խնդիր կա, և վերջապես, գեղարվեստական խորհուրդը տարին երեք-չորս անգամ է հավաքվում, մենք չէինք կարող հունիսին ասել սպասեք, որ դեկտեմբերին քեզ թուղթ տանք, որ աջակցելու ենք: Հիմա մենք աջակցության նամակը տվել ենք և նման անճշտության վրա հղում անելը ճիշտ չէ: Ի վերջո, պետական աջակցություն է ստացել և հիմա ինչո՞ւ չի կարելի նայել, քննարկել, որոշում կայացնել, ոչ թե մարդուն հասցնել այն վիճակի, որ հացադուլ անի: Խնդիրները պետք է լուծվեն բանակցության միջոցով, ոչ թե վիրտուալ, իրար խաբելով, փաստաթղթերը սխալ մեկնաբանելով խառնաշփոթ սարքել, ձգձգել ու մասնագիտական լուծում չտալ»,- պարզաբանում է Գևորգ Գևորգյանը: