Հայաստանը քաղցկեղի հիվանդությամբ առաջատար երկրների ցանկում է. Կարինե Դանիելյան (տեսանյութ)
Բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ Հանրային խորհրդի Բնապահպանական հանձնաժողովը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ մեծ ծրագիր է իրականացրել, որի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի տարածքի էկոլոգիական ամենավտանգավոր և ռիսկային գոտիները երեխաների համար։ Բնապահպանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջապահական ցուցանիշների և բնապահպանության առումով ամենաանբարվոք վիճակը Լոռիում է, հետո Սյունիքում և Երևանում։ Նրա հավաստմամբ ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության զարգացած պետությունների համար մարդու առողջության մինչև 20 տոկոսը կապված է շրջակա միջավայրից, իսկ զարգացող երկրների համար շրջակա միջավայրից կախվածությունը մինչև 40 տոկոս է, որին մոտենում է մեր երկիրը։ «Մեզ համար հասկանալի դարձավ, թե ինչու է Հայաստանը քաղցկեղի հիվանդությամբ առաջատար երկրների ցանկում։ Ամեն տարի առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացնում է ծանր մետաղների վատ ազդեցության մասին։ Ցավոք առողջապահության նախարարությունը կարծում է, որ շրջակա միջավայրը չի ազդում մարդու առողջության վրա, միայն խմել և ծխելն է վտանգում առողջությունը։ Երբ ՄԱԿ-ի կառույցները ուզեցել են զեկույցը ներկայացնել կառավարություն, իրենց ասել են՝ իմաստ չունի, որովհետև չենք ընդունելու»։ Նա անդրադարձավ նաև Սևանի ջրի մակարդակի իջեցման մասին քաղաքացիների և լրագրողների ահազանգին, նշեց, որ իրենք պարզել են ջրի իջեցումը կապված է կլիմայի փոփոխությունների հետ։ Ակտիվ գոլորշիացում է տեղի ունեցել, և փետրվարի 12-ի տվյալներով ունենք -4 տոկոս աճ։ Հայ կանայք ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը նշեց, որ Աջափնյակի տարածքի բնակիչները և հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են Երևանի քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին՝ նշելով, որ Դիտավանի 6-րդ և 7-րդ շենքի կողքին պլանավորվում է կառուցել բազմաբնակարան շենք։ Շենքի հարակից տարածքում ծառաշատ տարաշքներ կան, որոնք վտանգի կենթարկվեն, եթե շինարարական աշխատանքներ սկսվեն։