A
A
Չլիներ Փետրվարյան ապստամբությունը, չէր լինի և 1988-ի զարթոնքը. Հայրիկյան (տեսանյութ)
Մի խումբ հասարակական, քաղաքական գործիչներ, Ազգային ինքնորոշում միավորման անդամներ, «Հայաստանի եվրոպական» կուսակցության անդամներ Երևանի Անգլիական այգում հարգանքի տուրք մատուցեցին Փետրվարյան ապստամբության օրերին նահատակված ապստամբների հիշատակին։
Կինոռեժիսոր, Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի համար այս օրը Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն օրերից մեկն է:
«1921 թվականին այս օրը ապստամբած ժողովուրդը ազատագրել էր Երևանը բոլշևիկյան սովետական իշխանությունից: Ամբողջ 50 օր արդեն սովետականացված Հայաստանը փաստորեն նորից անկախացավ, վերականգնվեց մեր անկախ պետականությունը»,- նշում է Խզմալյանը:
Դա միակ դեպքն է խորհրդային տարածքում, խորհրդային ժամանակաշրջանում, ըստ Խզմալյանի, ոչ մի այլ ազգ, ոչ մի այլ երկիր չէր հանդգնել ապստամբելու և չի հաղթահարել բոլշևիկյան իշխանությունը:
Ըստ կինոռեժիսորի՝ Փետրվարյան ապստամբությունը ոչ միայն Հայ հեղափոխական դաշնակցության, այլև՝ հայ ժողովրդի ընվզման դրսևորումն էր։
Ելույթով հանդես եկավ նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը շեշտում է, որ փետրվարի 18-ն ունեցավ պատմական մեծ նշանակություն, քանի որ եթե չլիներ փետրվարյան ապստամբությունը, չէր լինի 1980-ական թվականների անկախության շարժումը:
«1921 թվականը կայացավ ի հեճուկս իշխանությունը բոլշևիկներին հանձնած դաշնակցական ղեկավարության»,- ընդգծեց նա: