Հայաստանն օգնում է Վրաստանին արդյունավետ պայքարել կարմրուկի դեմ (տեսանյութ)
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ իրազեկել է, որ կարմրուկի դեմ պայքարում Վրաստանին աջակցելու նպատակով Հայաստանը տրամադրելու է 30 000 չափաքանակ պատվաստանյութ։ Վրաստանին օգնելու նպատակով, իմ հրամանով նրանց մեր կողմից կտրամադրվի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ, քանի որ ինչպես գիտեք հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։ Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների մասին։ Նա ինձ հայտնեց, որ մինչ օրս արձանագրվել է կարմրուկի 1028 նոր դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 90-ականներին բազմաթիվ երեխաներ չեն պատվաստվել կարմրուկի դեմ։ Ես տեղեկացա նաև, որ օրական արձանագրվող 50-60 դեպքը իջել է օրական 35-ի՝ շնորհիվ այն հակահամաճարակային միջոցառումների, որ իրականացվում են Վրաստանում, այդ թվում 20-40 տարեկան ազգաբնակչության ինտենսիվ պատվաստումների։