«Ղեկը՝ աջ»-ը դժգոհ է Վանեցյանի ուլտիմատումից (տեսանյութ)
Թեև «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կառավարության հետ ընդհանուր հայտարարի էին եկել և միասին քննարկումների արդյունքում մշակել էին «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծ, այնուամենայնիվ նախախաձեռնության անդամները այսօր կրկին կառավարության շենքի դիմաց էին: Նախաձեռնության անդամ Վաչագան Մինասյանի պնդմամբ՝ անհրաժեշտ գերատեսչությունները դրական եզրակացություն են տվել, բայց այսօր նախագծի քննարկման հարցը ներառված չէր կառավարության նիստում: «Հույս ունեինք, որ կառավարության նիստում կլինի, և այն կներկայացվի Ազգային ժողով: Ուզում ենք հասկանալ՝ ե՞րբ կլինի դա, քանի որ պարոն Վանեցյանը հայտարարություն էր տարածել, որ եթե մինչև ամսի հունվարի 31 չհանվեն Բագրատաշենից աջ ղեկով մեքենաները, ապա տուգանվելու ենք»: Նախաձեռնության անդամները պնդում են, որ իրենք դեմ չեն սպասել կառավարությանը, բայց Բագրատաշենում խնդիրներ են առաջանում: Կառավարությունից ակնկալում են մինչև որշման ընդունումը որևէ լուծում տալ խնդրին: «Մեքենաները վնասվում են այնտեղ: Մաքսայինի աշխատակիցների հետ խնդիրներ են առաջանում, նշում են, որ կայանման տեղ չկա, իրավացի են»: Այս պահին Բագրատաշենի մաքսակետում կայանված է ավելի քան 500 մեքենա: Հիշեցնենք, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2018թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2019թ. հունվարի 13-ը հանրային քննարկման էր դրված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: