Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կստեղծվի ֆուտբոլի կանանց Ա լիգա

Սպորտ
sport-kananc-futbol

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր համագործակցության նոր հուշագիր կնքեց Goals հասարակական կազմակերպության հետ: Վերջինս կշարունակի զբաղվել Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացմամբ եւ մասսայականացմամբ: ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադեւոսյանը խոսելով առաջիկա ծրագրերի մասին, հայտարարեց, որ ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է մինչեւ 2020 թվականը ստեղծել կանանց ազգային, Մ-19 եւ Մ-17 հավաքականներ, որոնք հետագայում կարող են մասնակցել բոլոր պաշտոնական մրցումներին: «Ազգային թիմը ստեղծելիս առաջին շրջանում հնարավոր է հրավիրենք սփյուռքում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստուհիների, իսկ հետո այն հիմնականում կհամալրենք Մ-19 եւ Մ-17 հավաքականների անդամներով»: Աննա Թադեւոսյանը նաեւ ասաց, որ առաջիկայում նպատակ ունեն ստեղծելու կանանց ֆուտբոլի Ա եւ Բ լիգաներ, որոնցում հանդես կգան տարբեր տարիքային թիմեր: «Ա1+»-ի հարցին, արդյո՞ք կանանց ֆուտբոլի զարգացման հարցում ՀՖՖ-ն համագործակցելու է ֆուտբոլային ակումբների հետ, ֆուտբոլի ֆեդերացիայի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը նշեց, որ ֆեդերացիան պատրաստվում է փոփոխություն կատարել ակումբների արտոնագրման կանոնակարգում եւ նոր կետ մտցնել, ըստ որի ֆուտբոլային ակումբները պետք է նվազագույնը կանանց մեկ թիմ պահեն, որոնք մասնակցելու են հենց վերը նշված կանանց լիգաներից մեկին: