Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք էր Արմեն Տեր-Սահակյանի համաձայնությունը հարցնել. փաստաբան

Հասարակություն

«Արմեն Տեր-Սահակյանին վաղաժամ ազատ արձակելու միջնորդություն չներկայացնելու որոշման դեմ բողոք ենք ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Տեր-Սահակյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը: Բողոքման հիմքերը, ըստ փաստաբանի, նրանք են, որ քրեակատարողական հիմնարկը կեղծ տեղեկատվություն է մտցրել իր որոշման մեջ: Թույլ է տրվել Քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածի (որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը) կետերի խախտում: «Մասնավորապես Արդարադատության նախարարության պրոբացիայի վարչությունը տվել է դրական եզրակացություն, իսկ քրեակատարողական ծառայությունը տվել է բացասական եզրակացություն, սակայն որոշմամբ նշվել էր, որ և՛ պրոբացիան, և՛ քրեակատարողական վարչության ծառայությունը տվել են բացասական եզրակացություն, մինչդեռ դա իրականությանը  փաստացի չի համապատասխանում»,- մանրամասնում է Սարգսյանը:  Վերջինս պարզաբանեց, որ եթե 2 եզրակացություններից մեկը դրական է, ապա պետք էր Արմեն Տեր-Սահակյանի համաձայնությունը հարցնել: Այսինքն՝ նրա կարծիքը հարցնեին՝ վաղաժամկետ ազատ արձակման համար դատարան միջնորդություն ներկայացնել, թե՝ ոչ: «Այս պարագայում Արմեն Տեր-Սահակյանից չեն հարցրել և ըստ էության որոշման մեջ մտցրել են կեղծ տեղեկատվություն: Տեղի է ունեցել անձի իրավունքների կոպիտ խախտում»,- եզրափակեց փաստաբանը: Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության զեկույցի համաձայն՝ դրական եզրակացություն չէր տրվել  Արմեն Տեր-Սահակայանի վաղաժամկետ ազատման համար: Ըստ այս զեկույցի՝ պրոբացիոն ծառայությունն Արմեն Տեր-Սահակյանին համարել էր «միջին ռիսկայնության», իսկ քրեակատարողականը՝ «բարձր ռիսկայնության»: Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը եղել է ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի կազմակերպած կայուն զինվորական հանցախմբի ղեկավարը, և դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1990-ականներին ծավալած հանցավոր գործունեության համար ու մեղադրվել խուլիգանության օժանդակելու մեջ: Տեր-Սահակյանը ավելի քան 22 տարի գտնվում է անազատության մեջ: