Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը 30 տարեկան է (լուսանկարներ)

Կարևոր լուրեր Սպորտ

Այսօր լրացավ Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30-ամյակը: Նա ծնվել է 1989թ. հունվարի 21-ին, Երեւանում: 1990-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ խաղում էր նրա հայրը՝ Երեւանի «Արարատի» նախկին հարձակվող Համլետ Մխիթարյանը։ 1995թ. Մխիթարյանները վերադառնում են հայրենիք, քանի որ ընտանիքի հայրն արդեն ծանր հիվանդ էր (գլխուղեղի չարորակ ուռուցք)։ Մեկ տարի անց Հենրիխ Մխիթարյանը կորցնում է հորը: հենրիխը ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլային դպրոցում: 2003թ. 14-ամյա Հենրիխը վեց ամսով գործուղվել է բրազիլական Սան Պաուլու քաղաքի ֆուտբոլի ակադեմիա: «Փյունիկի» հիմնական կազմում սկսել է խաղալ 2006 թվականից, որտեղ երեք ու կես տարում անցկացրել է 89 խաղ, խփել 35 գնդակ։ Այդ ժամանակահատվածում նա 3 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ 2009թ. առաջին անգամ արժանացել է «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին: 2009 թվականի հունիսին Հենրիխ Մխիթարյանը երեք տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ, սակայն արդեն 2010-ի օգոստոսին 7,5 մլն դոլարով տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր: Հանքափորների կազմում նա անցկացրել է 37 խաղ եւ խփել 12 գոլ: 2012-2013 մրցաշրջանում հայազգի կիսապաշտպանը 25 գնդակով ճանաչվել է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ սահմանելով այդ երկրի ռեկորդ։ 2013թ. ամռանը Հենրիխ Մխիթարյանը 27,5 միլիոն եվրոյով տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»՝ դառնալով գերմանական ակումբի պատմության ամենաթանկ ձեռբերումը։ Երեք մրցաշրջանում նա դորտմունդցիների կազմում ընդհանուր առմամբ անցկացնելով 140 խաղ, դարձել է 41 գոլի հեղինակ: 2016 թվականին նա 42 մլն եվրոյով տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», դառնալով նախկին խորհրդային տարածաշրջանի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ 2 մլն-ով գերզանցելով ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոյին: Մանչեսթերցիների կազմում Հենրիխ Մխիթարյանը 2017թ. դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ դառնալով եվրոգավաթ նվաճած առաջին հայաստանցի ֆուտբոլիստը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, նա 2018թ. ձմռանը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ», որտեղ ներկայումս էլ հանդես է գալիս: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին, Պանամայի հետ ընկերական խաղում։ Նա ազգային թիմում արդեն անցկացրել է 80 հանդիպում, խփել՝ 26 գոլ: