Չարենցի «Գիրք մնացորդաց»-ն առ այսօր կալանքի տակ է. գրականագետ
«Ես՝ ինքս այդ նախարարության գործառույթի գործնական ազդեցությունը մեր կյանքի, մշակույթի վրա չեմ տեսնում: Համերգասրահները դատարկ, թատերական սրահները դատարկ: Տուն-թանգարաններ այցելողներ չկան»,- ասում է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով նախարարությունների օպտիմալացման խնդրին: Գասպարյանը խոսում է նաև մշակույթի նախարարության տարիներ տևող ոչ հետևողական վերաբերմունքի մասին. «2012 թվականին, երբ Երևանը հռչակված էր գրքի համաշխարհային մայրաքաղաք, կալանավորված էր Չարենցի «Գիրք մնացորդաց»-ը և առ այսօր կալանքի տակ է, իսկ նորերն էլ արդեն երևի մոռացան: Ա՛յ մարդ, գրքի տարում, էս դեմոկրատական դարում գի՞րք կալանովորեն»: Գրականագետը մշակույթի նախարարության տեղն ու դերը չի տեսնում, և լավ է, որ գործառույթը տեղափոխվում է մեկ այլ կառույցի մեջ: «Ի՞նչ կարևոր է, որ Սփյուռքի հարցերով զբաղվեն Հայաստանում: Թող Սփյուռքի մի կենտրոն ստեղծվի հենց Արամ Վեհափառի գլխավորությամբ»,- նշում է նա՝ Սփյուռքի մասին իր խոսքում: Գասպարյանն անդրադարձավ նաև Հրանուշ Հակոբյանի նախկինում հայտարարած Աշտարակ քաղաքի մերձակայքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն ու հարցադրում արեց, թե ուր է այդ թաղամասը: Ըստ գրականագետի՝ սփյուռքի նախարարության գործառույթները կկատարի հիմնականում արտգործնախարարությունը: «Եվ էդ կենտրոն ստեղծելու գաղափարը էս քանի տարի ինձ հանգիստ չի տալիս. հենց դրսում, հենց Արամ Վեհափառի գլխավորությամբ»,- եզրափակեց նա՝ կրկին անդրադառնալով Հայաստանից դուրս Սփյուռքի կենտրոն ստեղծելու գաղափարին: