Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը հետաձգվել է (տեսանյութ)

Հասարակություն
Grigoryan-Manvel

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկել է գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։ Այն ուղեկցվել է մի խումբ էջմիածնեցիների բողոքի ակցիայով, ովքեր պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը հետաձգվել է։ «Նիստը հետաձգվել է զուտ տեխնիկական պատճառներով: Որոշակի փաստաթղթեր տրամադրելու անհրաժեշտություն կա: Միջոնորդությունները պատրաստելու համար տրամադրվել է ժամանակ: Նիստը տեղի կունենա մեկ այլ օր»,- ասում է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: Փաստաբանի փոխանցմամբ հայտնի չէ՝ նիստը երբ տեղի կունենա:  Մանվել Գրիգորյանը առաղջական վիճակը թույլ չի տվել մասնակցել նիստին, բայց ցանկություն հայտնել է մասնակցելու համար, եթե առողջական վիճակը հետագայում ների: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատական ակտի հիմքերին՝ փաստաբանն ասաց, որ վերացել է կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: «Դատարանը հնարավոր է գտել, որ կալանքը փոխարինվի գրավով»: Հավելեց, որ ազատ արձակման հիմքերից մեկն էլ Գրիգորյանի առողջական վիճակն է եղել:  «Ես չեմ կարծում, որ Մանվել Գրիգորյանը հայ ժողովրդի կողմից վտանգ տեսնում է»,- կարծում է փաստաբանը: Հիշեցնենք, որ քննարկվելու էր դատախազության բերած վերաքննիչ բողոքը՝ Առաջին ատյանի որոշման դեմ։ Վերջինիս որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել էր 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակման և Գրիգորյանն ազատ էր արձակվել։ Այսօրվա նիստի հետաձգումից հետո կալանավորում պահանջողների բողոքի ակցիան շարունակվեց։ Ցուցարարները խոստացան վաղվանից ամբողջ Հայաստանում անցկացնել ակցիաներ, պարալիզացնել երթևեկությունն այնքան ժամանակ, քանի դեռ Մանվել Գրիգորյանը կալանավորված չէ։ Ցուցարարները նաև վիճաբանություն ունեցան Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի հետ։ «Թափթփուկը ո՞վ է մեզանից»,- հարցնում է Մանվելի Գրիգորյանի ազատ արձակման դեմ իրականացվող ակցիայի մասնակիցներից մեկը Արսեն Մկրտչյանին: Դատական նիստի հետաձգումից հետո ելույթի ժամանակ Մանվել Գրիգորյանի փաստաբանը, ցուցարարների պնդմամբ, իրենց թափթփուկ էր անվանել: «Հիմա մի հատ ինձ նայի ու քեզ նայի: Ում ես պաշտպանում: Ես ժողովրդի հետ եմ: Իսկ դու Մանվել Գրիգորյանի փաստաբանն ես, հարգելի՛ս»,- շարունակում է ցուցարարը՝ փաստաբանին: Վերջինս հարցադրում արեց ցուցարարներին, թե ով է վերջիններիս ասել թափթփուկ ու կոչ արեց իր ելույթը ուշադիր լսել: