Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետի օգնականն ու ԿԳՆ-ն միասին որոշումներ են կայացնում, որոնց մասին Փաշինյանը տեղյակ չէ» (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture-12

Երևանի տարածաշրջանային  N2 պետական քոլեջի մի խումբ դասախոսներ բողոքում են, որ իրենց տնօրեն Կառլեն Հայրապետյանը մի շարք անօրինականություններ է կատարել, սակայն չի պատժվել: «Քոլեջում 100-ից ավելի կեղծ ուսանողներ են եղել, որոնք չեն հաճախել դասերի, նրանք անգամ Հայաստանում չեն բնակվել: Այս ուսանողները պայմանավորվել են քոլեջի տնօրենի հետ, իրենց շնորհակալությունն են հայտնել և դրա շնորհիվ էլ դիպլոմներ ստացել»,-ասում է քոլեջի նախկին փոխտնօրեն Մխիթար Պատվականյանը: Նրա խոսքով, տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել և հայտնաբերել 2 տասնյակի հասնող անօրինականության դեպքեր, սակայն մինչև օրս այդ ստուգումներին  ԿԳՆ-ն որևէ գնահատական չի տվել: Պատվականյանը պատմում է, որ քոլեջի դասախոսական անձնակազմը ամիսներ շարունակ դիմումներ է ուղարկել կրթության և գիտության նախարարություն: Նամակ է ուղարկել նաև Անահիտ Բախշյանը, սակայն դրանցից և ոչ մեկին ԿԳՆ-ն չի արձագանքել: «ԿԳ նախարարն ու փոխնախարարը այսպես ասած՝ արագ հասկացան տնօրենին, այն տնօրենին, որը Սերժ Սարգսյանի ռեժիմի ժամանակ կոռուպցիայի շնորհիվ դարձավ ուսումնական հաստատության ղեկավար: Կարող եմ ասել, որ տեսչական մարմնի ստուգումներին գնահատական չի տրվում, քանի որ  քոլեջի տնօրենին հովանավորում է ԿԳ նախարարը»: Պատվականյանն ասաց, որ երբ իրենք բարձրաձայնել են վերոնշյալ խնդիրները, քոլեջի ղեկավարությունը իրենց դասաժամերը կրճատել է, ապա՝ աշխատանքից հեռացրել:  «Տնօրենի կարգադրությամբ, երեկ փակել են իմ աշխատասենյակը և այս քայլով ամբողջ կոլեկտիվին ցույց տվել, թե խնդիրները բարձրաձայնելու դեպքում իրենց ինչ օրը կգցեն»: Դասախոսների պահանջն այն է, որ հանդիպեն վարչապետի հետ, քանի որ կասկածներ ունեն, որ նա տեղյակ չէ տեղի ունեցող իրադարձություններից: «Վարչապետին նույնպես նամակ ենք ուղարկել և դարձյալ պատասխան չկա: Մենք կասկածներ ունենք, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը  միասին որոշումներ են կայացնում, որոնց մասին պարոն Փաշինյանը տեղյակ չէ»: ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը «A1+»-ին հայտնեց, որ ԿԳՆ-ն քաղաքացիների դիմումներին արձագանքել է համապատասխան ձևով, իսկ տեսչական ստուգումների հետ կապված ընթանում է ներքին քննություն: Փոխնախարարի խոսքով, Պատվականյանը ստում է, և ոչ ոք նրան պաշտոնից չի հեռացրել: «Պատվականյանը աշխատանքից չի հեռացվել, հակառակը, նրա աշխատավարձը բարձրացվել է: Նա նախկինում ստանում էր 60.000 դրամ, իսկ հիմա՝ 120.000 »: