Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԵԼ ԷԻՆ

Մարզեր

Գյումրու Տաքսի ծառայությունների եւ անհատ վարորդների դժգոհություններն հասել են նաեւ տրասպորտի եւ կապի նախարարություն: Այդ նպատակով այսօր նախարության կողմից ուղարկված աշխատանքային խումբը Շիրակի Մարզպետարանում հանդիպեց Տաքսի ծառայությունների ներկայացուցիչների հետ:

Տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչները, իրենց իսկ խոսքերով, Գյումրի էին ժամանել տաքսու վարորդների բողոքի մասին անմիջապես տեղեկանալուց հետո: Նշենք, որ առաջին բողոքի ակցիան կազմակերպվել էր 5 օր առաջ: Նախարարության ներկայացուցիչները չգիտեին, թե կառավարությունը խնդրի վերաբերյալ ինչ է մտածում եւ ինչ քայլեր է ձեռնարկում:

Մարզպետարանում կայացած Խորհրդակցության ընթացքում տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանը տաքսի ծառայությունների ներկայացուցիչներին փորձում էր տեղեկացնել որոշման որոշ մանրամասների եւ պատասխանել նրանց հուզող հարցերին:Բարձրացված հարցերի մեծ մասը մնաց անպատասխան, քանի որ, ըստ նախարարության ներկայացուցիչների, իրենք իրավասու չեն պատասխանել դրանց: Նրանք պարզաբանեցին այն հարցերը, որոնց մասին առանց այն էլ վարորդները տեղյակ էին: Ըստ այդմ, այսուհետ տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիների վարորդները պետք է դիմեն նախարարություն՝ ստանալու արտոնագիր եւ դեղին պետհամարանիշ՝ վճարովի հիմունքներով ուղեւոր փոխադրելու իրավունքը ստանալու համար: Արտոնագիր ստանալու համար թե 50-100 ավտոմեքենա ունեցող ընկերությունից, եւ թե մեկ մեքենայով սպասարկում իրականացնողից պահանջվում է նունչափ՝ 200 000 դրամ, չհաշված ամենամսյա հարկերն ու պահանջվող այլ ծախսերը:

Դժգոհությունները վերաբերում են նաեւ ավտոմեքենաների շահագործման ժամկետին: Ըստ որոշման, արտադրության տաս տարուց ավելի ժամկետ ունեցող ավտոմեքենաները չեն կարող սպասարկում իրականացնել: Նշենք, որ Հայաստանում գործող տաքսիների մեծ մասը 1986-90թթ արտադրության է: Շատ տաքսիների վարորդներ համոզված են, որ առաջնությունը պետք է տրվի ոչ թե ավտոմեքենայի տարիքին, այլ տեխնիկական փաստացի վիճակին: Այս հարցին եւս նախարարության ներկայացուցիչները ոչ մի էական պատասխան չտվեցին: «Եթե այս տեմպերով կառավարությունը շարժվի, գործազրկությունն ու արտագաղթը մարզում առավել կմեծանա»,- այս կարծիքին են տաքսի ծառայությունների ներկայացուցիչները:

Այսօրվա հանդիպումը, ներկաների խոսքերով, էական ոչինչ չտվեց եւ սայլը տեղից այդպես էլ չշարժվեց : Իսկ թե այսուհետ մարզում գործող 17 տաքսի ծառայությունից քանիսը կշարունակի աշխատել, այսօր դժվար է ասել:

Գյումրի

«Ցայգ»