Թավշյա հեղափոխության շնորհիվ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Հայաստանի վրա. Մեխակ Ապրեսյան (տեսանյութ)
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս տարի վիճակագրական տվյալներով հունվար- սեպտեմբեր ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջության այցելությունների թիվը աճել է 8,8 տոկոսով՝ գրանցվել է 1 մլն 275 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն։ Ռուսաստանի այցելությունները աճել է 17,3տոկոսով, Եվրոպայից, Հնդկաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Կորեայից և Արաբական երկրներից կրկնակի տպավորիչ աճ է գրանցվել, սակայն նվազել է Իրանից և Վրաստանից այցելությունների թիվը: «Ապրիլյան դեպքերի՝ թավշյա հեղափոխության շնորհիվ, ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Հայաստանի վրա: Հայաստանը շատ ավելի ճանաչելի է դարձել վերջին շրջանում, սակայն, մենք պետք է լուրջ մտածենք և կապիտալիզացնենք ամբողջ ռեսուրսը դեպի Հայաստան՝ զբոսաշրջային հոսքերը ճիշտ կառավարելու համար։ Հայաստան այցելող զբոսաշրջիկները պետք է իրենց ակնկալիքները գերազանցած վերադառնան, հակառակ պարագայում մեզ տասնամյակներ է պետք կլինի կորցրածը վերականգնելու համար։ Հետևաբար՝ շատ կարևոր է, որ մենք պահպանենք և ապահովենք ծառայությունների որակը»։ Մ. Ապրեսյանը անդրադարձավ նաև ձմեռային զբոսաշրջության խնդիրներին՝ նշելով, որ Ծաղկաձորում ունենք լեռնադահուկային սպորտաձևերի հնարավորություններ, Աշոցքում դահուկավազկի առաջարկ, սակայն դեռևս դրանք քիչ են: Պետք է պատշաճ փաթեթավորել և համաշխարհային շուկային համապատասխան քայլել, ձմեռային սեզոնը դարձնելով ակտիվ, ինչպես մյուս ամառային և գարնանային ամիսներին: Ապրեսյանը զբոսաշրջության զարգացման համար կարևոր խոչընդոտ համարեց հանրային զուգարանների և մայրուղիների, համայնքային ճանապարհների ոչ բարվոք վիճակը, չնայած որ վերջին շրջանում որոշակի բարելավումներ նկատվում են: