Ուղիղ. «Մենք Ղարաբաղի հարցը ուզում ենք լուծել էնպես, ինչպես ձեզանից յուրաքանչյուրն է ուզում» (տեսանյութ)
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ՝ Փաշինյանն ասաց, որ կառավարության և ժողովրդի ցանկությունների միջև այդ հարցի կարգավորման իմաստով որևէ խզում չկա. «Մենք Ղարաբաղի հարցը ուզում ենք լուծել էնպես, ինչպես ձեզանից յուրաքանչյուրն է ուզում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, հավաստիացնելով վանաձորցիներին, որ դրանում մի միլիմետր անգամ չկասկածեն: Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Փաշինյանն ասաց, որ աշխատանքի խրախուսման տրամաբանությանն է պետք դիմել: Իմ քայլի քաղաքականությունն, ըստ Փաշինյանի, լինելու է գյուղացուն 4 բաղադրիչով ապահովելը. ոռոգման ջուր, հակակարկտային համակարգ, կաթիլային ոռոգման համակարգ, ինտենսիվ գյուղատնտեսության համակարգ: Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Փաշինյանը կարևորեց Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ուժեղացնելը: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է բարձրացնենք նոր և առավել վստահելի մակարդակի վրա»,- մանրամասնեց նա: ՀԱՊԿ-ի հետ կապված Փաշինյանն ասաց, որ կազմակերպությունում բավականին բուռն քննարկումներ են տեղի ունենում: «Այդ բուռն քննարկումների առանցքային իմաստը կազմակերպության անդամ երկրների դաշնակցային հարաբերությունները հստակեցնելն է»: Դիմելով հավաքվածներին ասաց, որ այդքան էլ հասկանալի չէ և պարզ չէ որոշ դաշնակիցների գործողությունները: «Ինչո՞ւ են մեր դաշնակիցները զենք վաճառում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրին: Մենք պետք է այս իրավիճակը հասկանանք: Սա անվտանգությանը լուրջ մարտահրավեր է»,- հավելեց նա, շարունակելով, որ գործընկերների հետ այս թեման պարզ և ուղիղ քննարկելու տրամադրվածություն կա: