Պետք է ձևավորվի անցումային խորհրդարան. Արա Պապյան
«Ես աջակցել և աջակցում եմ հեղափոխությանը: Ավելին՝ հեղափոխության նախապատրաստողներից մեկն եմ եղել: Ի վերջո, հեղափոխությունն օդից չի ընկել: Հազարավոր մարդիկ տասնամյակներ շարունակ աշխատել են այդ ուղղությամբ: Այդքանով բոլորս գոհ էինք: Բայց երբ տեղի ունեցավ հեղափոխությունը կամ իշխանափոխությունը, ցավոք սրտի, այդ ամենը սկսեց տեղապտույտ ապրել»,- նշում է քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, որ վերջին շրջանում իր ելույթներում և համացանցային գրառումներում հաճախ է քննադատական խոսք հնչեցնում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հասցեին: Քաղաքագետը նշում է՝ այն գաղափարներն ու նպատակները, որ հռչակվել էին հեղափոխության ժամանակ՝ արդարադատության հաստատում, գողոնի վերադարձ, նոր Ընտրական օրենսգրքի ընդունում և այլն, որևէ փոփոխություն տեղի չունեցավ: Արա Պապյանի խոսքով՝ որևէ մեկը չէր ակնկալում, որ տնտեսական հրաշք պետք է տեղի ունենար 7 ամսվա ընթացքում, բայց իրենք ակնկալում էին, որ մի քանի օրենսդարական փոփոխություններ կարելի էր անել: Վերջինս ընդգծում է, որ հատկապես վարկանիշային ընտրակարգի առկայության դեպքում կրկին անգամ ունենալու ենք մի խորհրդարան, որը պակաս քաղաքական է լինելու, քանի որ այս ընտրակարգով ապաքաղաքական անձանց մեծ թվով ներկայացվածությունը խորհրդարանում ավելի հավանական է: Նման իրավիճակից Պապյանը միայն մեկ ելք է տեսնում՝ ձևավորվող խորհրդարանը լինի 2 տարի ժամկետով կամ, այլ կերպ ասած, ժամանակավոր: Լինի անցումային խորհրդարան, որից հետո՝ 2 տարվա ընթացքում, կիրականացվեն օրենսդրական մի շարք փոփոխություններ, կունենանք մեկ այլ իրավա-քաղաքական իրողություն, որն ավելի ճիշտ կարտացոլվի ապագա խորհրդարանում: