F365. «Արսենալը» հաղթեց առանց Մխիթարյանի օգնության
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Բորնմութի» նկատմամբ: Հաղթական գոլը 67-րդ րոպեին խփեց լոնդոնցինների գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Սակայն, չնայած այդ հանգամանքին, անգլիական F365 կայքը վերլուծելով հայազգի կիսապաշտպանի խաղը, նշել է, որ նա ոչնչով չի օգնել իր թիմի հաղթանակ տանելու գործում: Լրատվամիջոցը գրում է, որ Հենրիխ Մխիթարյանը վերջին հանդիպումներում շատ պասիվ խաղ է ցուցադրում, աչքի չի ընկնում արդյունավետ գործողություններով, չի հարմարվում թիմի խաղաոճին: Հեղինակը կարծում է, որ «Արսենալն» ավելի հեշտ ու վստահ հաղթանակ կտաներ, եթե հայազգի լեգիոնականը լրացներ իր թիմակիցներին այնպես, ինչպես դա անում է իր լավագույն ժամանակներում: Ինչեւէ, մասնագետները բարձր են գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը, չնայած F365 կայքը խստորեն քննադատել է մեր ֆուտբոլիստին: Նա ստացել է 7,3 գնահատական եւ հետ է մնացել միայն իր երկու թիմակիցներից՝ Օբամեյանգից ու Լուկաս Տորեյրայից: