«Ալաշկերտը» կարեւոր հաղթանակ տարավ «Բանանցի» նկատմամբ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 17-րդ տուրի առաջին երկու խաղերը: Մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Բանանցին»: Միակ գոլը 2-րդ րոպեին խփեց ալաշկերտցիների սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Այդպիսով, «Ալաշկերտը» վաստակեց 32 միավոր եւ ավելի ամրապնդեց իր դիրքերն առաջին հորիզոնականում, իսկ ահա «Բանանցը» 26 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում: Օրվա երկրորդ խաղում իրար հետ հանդիպեցին բարձրագույն խմբի երկու նորեկները՝ Երեւանի «Արարատ-Արմենիան» ու «Արցախ ՖԱ»-ն: Խաղն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 3:1: Արարատցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը: «Արցախ ՖԱ»-ից միակ պատասխան գոլը խփեց ղազախստանցի Ակմալ Բախտիյարովը: Վաղը տեղի կունենան տուրի մյուս երկու հանդիպումները: Աղյուսակի 2-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկը» կհանդիպի իրական «Արարատի» հետ, իսկ «Գանձասար-Կապանը» ուժերը կչափի մեդալների համար պայքարող «Լոռի ՖԱ»-ի հետ: