Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում հերթ էր ավիատոմս գնելու համար (տեսանյութ)

Հասարակություն
sev-urbat

   Ամերիկյան հայտնի սև ուրբաթը  տեղափոխվել է Հայաստան։ Երևանի  խանութները մարդաշատ են։ Բոլորը շտապում են օգտվել առաջարկվող զեղչերից։ «Տեղյակ էի, որ ընդհանրապես լինում են զեղչեր, բայց չգիտեի, որ բոլոր խանութուներում է գործում: Ինձ հաստ վերարկու է  պետք, դեռ չեմ գտել ինչ-որ նոր բան»,- նշում է  հաճախորդ Օքսաննա Սողոմոնյանը: Խանութներում զեղչվում են գրեթե բոլոր ապրանքները:  Չնայած շատ դեպքերում զեղչի չափն այնքան չէ, որքան լինում է ամերիկյան կամ եվրոպական առաջարկներում։  «Այսօրվա հետ կապված ակցիա ունենք,  բոլոր մասնաճյուղերում  է այդ ակցիան, ու հաճախորդներն այդ պատճառով ավելացել են»,- հավաստիացրեց խանութներից մեկի գանձապահ Հերմինե Հակոբյանը:   Սև ուրբաթ է ոչ միայն խանութներում։ «Արմենիա» ավիաընկերությունը միացել է ակցիային և Վորոնեժ,  Մինվոդի, Թել-Ավիվ, Լիոն ուղղություններով առաջարկում է  երկկողմանի տոմսեր՝  ցածր գներով։ «Միջինում եթե  Երևան-Լիոն-Երևան ուղղության տոմսի գինը տատանվում է 400-500 եվրոյի սահմանում, Թել-Ավիվ ուղղությանը՝ 350-400 եվրոյի սահմանում, ռուսական ուղղությունները 250-300 եվրո են, հատուկ այսօրվա համար ավիաընկերությունը իր բոլոր ուղղությունները եվրոպական և միջին արևելք ուղղությունները առաջարկել է երկու ուղղության տոմսերի համար 150 եվրո, իսկ ռուսական ուղղությունները դարձել են 100 եվրո, ներառյալ բոլոր հարկերը»,- նշեց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: Ավիաընկերությունում առավոտից են հերթերը։ Ստիպված աշխատանքային ժամը երկարաձգում են մոտ մեկուկես ժամով։ Ըստ փոխտնօրենի՝ նախատեսել  էին, որ մինչև աշխատանքային օրվա ավարտը վաճառեն 200-ից 300 տոմս, բայց առավոտյան  ժամը 11:30- դրությամբ վաճառել էին 350 տոմս: «Հուսով եմ՝ սա բարի ավանդույթ կդառնա, բոլոր այն գործարարների ընկերությունների համար, ովքեր փորձում են իրենց ուղևորներին,  հաճախորդներին հաճելի անակնկալներ մատուցել»: Հիշեցնենք, որ սև ուրբաթ է կոչվում  ԱՄՆ-ում   նշվող Գոհաբանության տոնին հաջորդող օրը, երբ մեկնարկում է ամանորյա զեղչերի շրջանը։