Մեծ երթը կմեկնարկի Նոր Նորքի 6-րդ զանգվածից, կավարտվի Հանրապետության հրապարակում
Երևանի քաղաքապետարանը նախապես տեղեկացվել է, թե նոյեմբերի 24-ին որ փողոցներով են քայլելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթի մասնակիցները: Ինչպես հայտնի է, երեկ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆբ-յան ուղիղ եթերում հայտարարել էր, որ մեծ երթ է տեղի ունենալու Երևանում: Այդ մասին իրազեկվել է քաղաքապետարանին: Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է Փաշինյանի նախաձեռնած երթի իրազեկումը։ «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.11.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝ նոյեմբերի 24-ին` ժամը 10.00-22.00 Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286 – Գայի պողոտա – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Կոմիտասի պողոտա – Վ. Վաղարշյան փողոց – Դավթաշենի կամուրջ – Եղվարդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Սեբաստիայի փողոց – Րաֆֆու փողոց – Բագրատունյաց պողոտա – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց – Տ. Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,– «Ա1+»–ի հարցին ի պատասխան ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։