Նորայր Հախոյանը այսօր կպայքարի աշխարհի բրոնզե մեդալի համար
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանից առաջինը մեդալի համար կպայքարի հունահռոմեական ոճի ըմբիշ Նորայր Հախոյանը:
Մեր 55 կգ քաշային ըմբիշը չնայած պարտվել է որակավորման առաջին փուլում, սակայն իրավունք էր ստացել մասնակցելու սփոփիչ մրցաշարին ու շարունակել պայքարել բրոնզե մեդալի համար: Նորայր Հախոյանն առաջին մարտում 6:0 հաշվով հաղթելով բուլղարացի Նեդյալկո Պետրովին, մտել է 3-րդ տեղի համար եզրափակիչ: Նրա հաջորդ մրցակիցը ղրղըզ Բալբաի Դորդոկովն է, որն առայժմ միակ պարտությունը կրել է կիսաեզրափակիչում, մեր ըմբիշին հաղթած Նուգզարի Ցուրցումիայից:
Իսկ ահա 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 77 կգ քաշային Սերյոժա Բերնեցյանը արդեն դուրս են մնացել պայքարից, իսկ նախապես հայտավորված Էդգար Խաչատրյանը (130 կգ) չի մասնակցել մրցումներին:
Այսօր պայքարի մեջ կմտնեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (82 կգ):
