Փոխնախարարի տարաբնույթ նամակները (տեսանյութ)
ԵՊՀ ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր տեսանյութ, որում բանավեճ էր ծավալվել «Ռեստարտ» նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Պետրոսյանի և ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի միջև: Խոսակցության թեման ԵՊՀ-ում տեղի ունեցող խմորումներ էին, մասնավորապես կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհանիսյանի տարաբնույթ նամակներն ուղղված Դ. Պետրոսյանին և Դ. Ափոյանին համապատասխանաբար: Ափոյանին ուղղված նամակում առաջարկել էր հրավիրել համալսարանի ուսանողության ժողով, որը կընդունի ուսանողական խորհրդի նոր կանոնադրություն, իսկ Դավիթ Պետրոսյանին ուղղված նամակում նշել էր, որ ԵՊՀ-ին առաջարկվել է լուծարել, ձևավորել նոր ուսանողական խորհուրդ և կազմակերպել ընտրություններ՝ ելնելով ինքնակառավարման սկզբունքից: Այսօր հանդիպեցինք ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի հետ: «Ինձ համար շատ տարօրինակ էր դա՝ հակասական բովանդակություն ունեցող նամակները, որն առաջացրեց ուսանողական երկու կողմերի անհամաձայնությունը»,-նշեց Ափոյանը: Այն հարցին, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի վերաբերմունքը ուսխորհրդի նկատմամբ հեղափոխությունից առաջ և հետո ինչ փոփոխություններ է կրել, ԵՊՀ ուսխորհրդի նախագահն ասաց, որ ոչ մի փոփոխություն չի կրել: Մինչ այդ էլ եղել է գործնական: Մասնավորապես ընդգծեց. «Բուհի ղեկավարությունը մեզ ընդունել է որպես ուսանողական ներկայացուցչական մարմին: Մենք ունենք մեր մասնակցությունը բոլոր կոլեգիալ ղեկավարման մարմիններում 25 տոկոսի չափով: Եվ կարող եմ ասել, որ մինչև հեղափոխությունը և հետո մենք աշխատել ենք նույն կառուցողական մթնոլորտում»: Դավիթ Պետրոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառել է. ԵՊՀ-ում չպետք է լինի մեկ ուսանողական կառույց, պետք է ամեն ուսանող հնարավորություն ունենա ձևավորել միավոր/խումբ/միության և հավասար մրցակցային պայմաններում պայքարի մասնակցելու համալսարանում որոշումների ընդունման պրոցեսին: Ուսանողական ինքնակառավարման հիմքում պետք է լինեն հետևյալ սկզբունքները. 1.հաշվետվողականություն 2.թափանցիկություն 3.մասնակցայնություն 4.մրցակցություն: Ուսանողը պետք է որոշի, որ խմբին է միանում ու ում է փոխանցում ինքնկառավարման համար նախատեսված միջոցները: Սա հնարավորություն կտա, որ ուսանողական խմբերը լինեն անկախ և ինքնավար: Շուտով ավելի մանրամասն: