«Լիվերպուլը» ֆուտբոլիստին չի հայտավորել քաղաքական նկատառումներով
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուգեն Կլոպը պարզաբանել է, թե ինչու թիմի ֆուտբոլիստ Ջերդան Շաքիրին բացակայում է չեմպիոնների լիգայի «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղի հայտացուցակից: «Մենք գնում ենք Բելգրադ ֆուտբոլ խաղալու: Մենք շատ մեկնաբանություններ ենք լսել, թե ինչպես Սերբիայում կընդունեն Շաքիրիին: Մենք գաղափար չունենք, թե ինչ կարող էր տեղի ունենալ, սակայն մեզ հետաքրքրում է միմիայն ֆուտբոլային խաղը: «Լիվերպուլը» թեեւ քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն պետք է հարգանքով վերաբերվի բոլորին եւ անի ամեն ինչ անցանկալի միջադեպերից հեռու մնալու համար: Շաքիրին չի ընդգրկվել թիմի կազմում, եւ նա ըմբռնումով է վերաբերվում այս որոշմանը: Նա մեր ֆուտբոլիստն է, մենք սիրում ենք իրեն, եւ դեռ շատ խաղեր կանցկացնի «Լիվերպուլում», բայց ոչ առաջիկա երեքշաբթի», - ակումբի պաշտոնական կայքով հայտարարել է գերմանացի մասնագետը: Հավելենք, որ Ջերդան Շաքիրին չնայած Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստ է, սակայն նա ծնունդով Կոսովոյից է և լիովին պաշտպանում է իր հայրենիքի՝ Սերբիայից անջատվելու գաղափարարը: Հավելենք, որ չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ցրվենա Զվեզդա» - «Լիվերպուլ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 6-ին, Բելգրադում: