Հայկական պետությունների ղեկավարները հանդիպել են
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք կարեւորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցության խորացումը:
Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ