Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը Խանտի-Մանսիյսկում են
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում այսօր կմեկնարկի կանանց շախմատի աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի նոկաուտ մրցակարգով: Մրցաշարում հանդես կգան 28 երկրների 64 ներկայացուցիչներ, որոնք բաժանվել են զույգերի՝ ելնելով մասնակիցների վարկանիշից: Հայսատանից հանդես կգան Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Մեր առաջատար շախմատիստուհին առաջին փուլում կհանդիպի Հունգարիան ներկայացնող վիետնամուհի Հոանգ Թհան Չանգի հետ, ով ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 31-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը աշխարհի 34-րդ համար, ուկրաինուհի Աննա Ուշենինան է: Այսօր տեղի կունենա առաջնության բացման արարողությունն ու խաղաքարերի վիճակահանությունը: Առաջին տուրի պարտիաները կկայանան վաղը, տեղի ժամանակով 15:00-ին: Աշխարհի առաջնությունը եզրագիծը կհատի նոյեմբերի 23-ին: Ի դեպ, ՖԻԴե-ի նախագահ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ աշխարհի առաջնությունը նման ձեւաչափով այլեւս չի անցկացվելու: