«Ռեալի» ֆաները նոր մեղավոր են գտել թիմի պարտությունների համար
Մադրիդի «Ռեալի» երկրպագուները դժգոհ են թիմում տիրող մթնոլորտից եւ դրա համար մեղադրում են Սերխիո Ռամոսին: Ինչպես տեղեկացնում է Cadena Ser ռադիոն, առավել արմատական ֆանատները պատրաստվում են առաջիկա խաղին սուլոցներով դիմավորել թիմի ավագին, քանի որ համարում են, որ հենց նա է պատասխանատու թիմի ներսում տեղի ունեցող խմորումների համար: Նշենք, որ «Ռեալը» նախորդ 6 հանդիպումներում տարել է ընդամենը մեկ հաղթանակ, իսկ 4 խաղ տանուլ է տվել, ընդ որում անցած կիրակի «Բարսելոնայի» հետ արտագնա խաղում պարզապես ջախջախիչ պարտություն է կրել 1:5 հաշվով: Թագավորական ակումբի ղեկավարությունը վերջին խայտառակությունից հետո պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգեին, որին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ պարզապես խլել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ ազգային թիմին թողնելով առանց ղեկավարի: