ՔՊ-ն պարտվեց միայն Կապանում
Երեկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ էին ինը մարզի քառասունինը համայնքում։ Ընտրություններ էին նաև չորս խոշոր քաղաքում՝ Էջմիածին, Արմավիր, Հրազդան, Կապան։ Արմավիրի մարզի քաղաքներում՝ Արմավիրում և Էջմիածնում հաղթեցին ՔՊ թեկնածուները։ Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը. ըստ նախնական տվյալների Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը ստացել է 8076 ձայն: Երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է՝ 3699 ձայնով: Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում ցածր մասնակցություն է գրանցվել. ընտրություններին մասնակցել է 45278 ընտրողներից 15826-ը, ինչը կազմում է ընտրողների 34,95 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ հաղթած թեկնածուի ստացած քվեներն էլ շատ ավելի պակաս են, քան նախորդ երեք ընտրություններում այս համայնքում հաղթած քաղաքապետինը։ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Դավիթ Խուդաթյանը: Նախնական տվյալներով ՔՊ-ական թեկնածուի օգտին քվեարկել է 6 693 ընտրող: Երկրորդ տեղում Օհան Հարությունյանն է՝ հավաքած 1626 ձայնով, իսկ երրորդում՝ Սևակ Մինասյանը՝ 1288 ձայնով: Արմավիրում հոկտեմբերի 21-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններին 26 հազար 36 ընտրողից մասնակցել է ընդամենը 8 հազար 969-ը: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում քաղաքապետ է ընտրվել ինքնաառաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանը, ոց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է: Նախնական տվյալներով նա ստացել է 10 681 քվե, իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե: Սևակ Միքայելյանը «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սակայն կուսակցությունը հայտարարել էր, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրել և չի սատարելու որևէ թեկնածուի: Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։ Կապանում անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին: Ըստ նախնական տվյալների Գևորգ Փարսյանը ստացել է 10 507 ձայն, Նարեկ Բաբայանը՝ 8 499 ձայն: Կապան խոշորացված համայնքում գրանցված 34969 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 19503-ը, որը կազմում է ընտրողների 55.77 տոկոսը: