Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նա չունի կլան, նա «թայֆայի» ներկայացուցիչ չէ. Փաշինյանը ներկայացրեց Դավիթ Խուդաթյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-38

Արմավիր քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ընտրություններում հաղթողը մեկ սուբյեկտ է լինելու, հաղթողը լինելու է ընտրողը. «Դուք հաղթելու եք բոլոր ընտրություններում, որովհետև սրանից հետո ձեր տված ոչ մի ձայն չի կեղծվելու, որևէ մեկը չի համարձակվելու գողանալ ձեր քվեն, ձեր իշխանությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնելու»,- ասաց Փաշինյանը, ներկայացնելով իրենց առաջադրած թեկնածուին՝ Դավիթ Խուդաթյանին: Փաշինյանը բացատրեց, թե ինչու են նրան ընտրել որպես թեկնածու. «Որովհետև նա չունի կլան, նա «թայֆայի» ներկայացուցիչ չէ, նա չունի որևէ պարտավորվածություն որևէ մեկի առաջ, և այս ընտրությանը միայն դուք կարող եք նրա առջև պարտավորություն դնել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դա վերաբերում է ոչ միայն Դավիթ Խուդաթյանին, այլև ամբողջ կառավարությանը: «Մեր միակ պարտավորությունը ժողովրդի նկատմամբ է, և սա է մեր հեղափոխության առաջնահերթությունը: Սա է պատճառը, որ մեր հեղափոխությունը հաջողություն չունենալու տարբերակ չունի»,- ասաց նա՝ հավելելով. «Մեր ամենամեծ առաքելությունը ժողովրդի իշխանությունը վերականգնելն է, և ձեր իշխանությունը, սիրելի՛ ժողովուրդ, արդեն վերականգնված է, որովհետև մինչև հիմա ՀՀ-ում հարյուր հազարավոր քաղաքացիներ քվեարկելու հնարավորություն ունեին, բայց ձայն չունեին»: Վարչապետի պաշտոնակատարը, նորից  վերադառնալով թեկնածուին, ասաց. «Նա ձեզնից մեկն է, որ ձեր հետ է աճել և մեծացել: Գնացե՛ք ընտրատեղամասեր և քվեարկե՛ք Դավիթ Խուդաթյանի օգտին, որովհետև այս ընտրություններում դուք պարզապես քաղաքապետ չեք ընտրում: Այս ընտրություններում դուք շարունակում եք հեղափոխությունը: Եվ այն հեղափոխությունը, որ արեցինք հրապարակներում, մտնում է տեղամասեր»,- ասաց նա: